Մատչելիության հղումներ

Նախարար. «Բանակը նաեւ նուրբ ու զգայուն կառույց է»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսում է ԵՊՀ-ում կազմակերպած գիտաժողովում, 25 հունվար, 2012

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսում է ԵՊՀ-ում կազմակերպած գիտաժողովում, 25 հունվար, 2012

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, չորեքշաբթի օրը Երեւանի պետական համալսարանում ելույթ ունենալով բանակի 20-ամյակին նվիրված գիտաժողովում, անդրադարձավ բանակի դերի ու նշանակության մասին անկողմնակալ ու ճշմարիտ ըմբռնման խնդրին: Նա կարծիք հայտնեց, թե մինչեւ այժմ այս մասին խոսվել է զգացմունքային հարթությունում եւ նկատի չի առնվել, որ բանակը որչափ մեծ ու հզոր, նույնքան էլ նուրբ ու զգայուն կառույց է:

«Չի կարելի բանակի մասին դատել ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նեղ շահերի, միջկուսակցական բախումների եւ ի վերջո տարբեր հանգամանքների զուգորդման արդյունքում տվյալ պահին ձեւավորված հասարակական տրամադրությունների լույսի ներքո: Դրանք անընդհատ փոխվում են, հարմարվում այսրոպեական իրողություններին, իսկ բանակը լուռ շարունակում է կատարել իր նույն գործառույթները, եւ անհասկանալի է դառնում, թե ինչու էին երեկ գովաբանում զինված ուժերին, այսօր անխնա քննադատում, իսկ վաղը վերադառնալու են երեկ չէ առաջին օրվա հայացքներին», - ասաց նախարարը:

Անդրադառնալով սպառազինությունների արդիականացմանը` Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ խորհրդային շրջանում Հայաստանում ռազմական նշանակության որեւէ սերիական արտադրանք չէր ստեղծվում: Նախարարի խոսքով` 1992 թվականից գրեթե զրոյից սկսվեց ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը:

«Իսկ այսօր մեր ձեռնարկություններում է նորոգվում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ողջ տեսականին: 20 տարի առաջ ավտոմատը ձեռքին ու ռադիոկայանքը մեջքին մարտնչելուն զուգընթաց զինվորական կապավորները մի քանի տարի անց ստեղծեցին զորքերի ավտոմատ ղեկավարման համակարգը, որն այժմ գտնվում է արդիականացման փուլում: Իսկ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած ռազմաբժշկական հաստատություններն այսօր սերտորեն համագործակցում են այլ բանակների ռազմաբժշկական ծառայությունների հետ», - ասաց Օհանյանը:

Նախարարը նաեւ ասաց, որ վերջին 10 տարիներին հսկայական աշխատանք է տարվել նաեւ միջազգային ռազմական համագործակցության ասպարեզում:

«Զարգանում են երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ եվրոպական պետությունների, Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի եւ Իրանի հետ: Իսկ ռազմաքաղաքական դաշինքների հետ համագործակցության հարթությունում մենք գործուն մասնակցություն ունենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերին: Համատեղ աշխատում ենք ԵԱՀԿ-ի եւ մեր ամենահին, 20 տարիների գործընկեր Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ», - ասաց նա:

Նախօրեին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, խոսելով խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին, նախարարն ասաց, թե փաստ է, որ 2011 թվականը ամենահաջող տարին է եղել զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ, ամենաքիչ կորուստներն են եղել:

«Բայց այս վիճակագրությունը մեզ համար մի կողմից` ընդունելի, մյուս կողմից անընդունելի է, որովհետեւ ցանկացած կորուստ ցավ է, դա մենք հարազատների հետ միասին ցավով ենք ընդունում եւ խիստ միջոցներ ենք ձեռնարկում, ընդ որում ոչ միայն հրամանատարության, այլ նաեւ իրավապահ մարմինների եւ հասարակության տարբեր շերտերի կողմից համատեղ աշխատանքով փորձում ենք այնպես անել, որ բոլորը իրենց արժանի տույժը ստանան», - ասաց Օհանյանը:

Նախարարը վստահություն հայտնեց, որ վերջին տարիներին բարեփոխումների շրջանակում զգալիորեն ամրապնդվել է բանակ-հասարակություն կապը, բարելավվել է իրադրությունը բանակում: Բայց, ինչպես նախարարը ձեւակերպեց, կան մի քանի կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն ինչ շահարկել:

«Չեմ ասում, որ բանակում ամեն ինչ իդեալական է, բայց առաջընթացը առկա է բոլոր առումներով` մարտունակության պահպանման, մեր սահմանների պաշտպանության համար մարտական հերթապահության իրականացման, սահմանների ինժեներական կառույցների սարքավորումների, մարտական կարողությունների, մանավանդ սպառազինությունների ձեռքբերման եւ այլն խնդիրների նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ», - ասաց պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG