Մատչելիության հղումներ

Լավրովը եւ Դավութօղլուն կքննարկեն Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 25-ը հունվարի, 2012թ.
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 25-ը հունվարի, 2012թ.
Չորեքշաբթի օրը կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

Իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Դավութօղլուն մասնակցելու է Ռուս - թուրքական համագործակցության բարձր խորհրդի ծրագրավորման միավորված ռազմավարական խմբի երկրորդ հանդիպմանը։ Սա հատուկ կառույց է, որ ստեղծել են Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարությունները` համագործակցությունը է՛լ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս խորհրդի ղեկավարներն են երկու երկրների վարչապետները։

Երկկողմ բանակցությունների օրակարգը բավական մեծ է։ Նախարարները քննարկելու են Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Սիրիայում, Բալկանների հարցը, Կենտրոնական Ասիայում իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդիրը։ Բայցի այդ, օրակարգում են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` համագործակցությունը էներգետիկայի բնագավառում։

Նախատեսված է, որ արտգործնախարարները բանակցությունների արդյունքում կստորագրեն համատեղ հռչակագիր։

Ծրագրվում է նաեւ, որ պաշտոնական Մոսկվան եւ Անկարան այսօր կստորագրեն համատեղ ներդրումների բանկ ստեղծելու մասին փաստաթուղթ։ Ներդրումային այս կառույցի ստեղծումը ենթադրում է, որ երկու երկրները իրենց միջեւ կնքված գործարքները իրականացնելու համար կարող են օգտագործել ազգային տարադրամները։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2010 թվականին կազմել է շուրջ 25 միլիարդ դոլար։ Կողմերը, սակայն, հայտարարում են, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ պետք է հասնի 100 միլիարդ դոլարի։

Այս ապրանքաշրջանառության 80 տոկոսը ռուսական արտահանումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG