Մատչելիության հղումներ

«Դինքի սպանության իրական մեղավորները ազատության մեջ են»


Թուրքիա - Լրագրող Նեդիմ Շեները (կենտրոնում) Ստամբուլի դատարանի շենքի մոտ, մարտ, 2011թ.
Թուրքիա - Լրագրող Նեդիմ Շեները (կենտրոնում) Ստամբուլի դատարանի շենքի մոտ, մարտ, 2011թ.
«Դինքի սպանության իրական մեղավորներն այսօր էլ ազատության մեջ են»։ Այս մասին շաբաթասկզբին կայացած դատական լսումների ժամանակ հայտարարել է հայտնի թուրք լրագրող, Հրանտ Դինքի սպանությանը նվիրված գրքերի հեղինակ Նեդիմ Շեները:

Թուրք լրագրողի այս հայտարարությունը հնչել է իր իսկ դատավարության ժամանակ: Նեդիմ Շեներին մեղադրում են «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցին անդամակցելու մեջ: Ինքը հայտնի լրագրողը պնդում է, որ «Էրգենեկոն»-ի անդամների հետ որոշակի կապեր է փորձել հաստատել հենց Դինքի սպանության լրագրողական հետաքննության շրջանակներում:

Դատական նիստի ընդմիջմանը զրուցելով Hurriyet-ի թղթակցի հետ` Նեդիմ Շեներն ասել է. - «Դինքի սպանության գործով կայացված վճիռը ինձ չի զարմացնում: Երբ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում որեւէ կազմակերպված ուժ չկա, ես սկսեցի իմ անհատական փնտրտուքները: Ճակատագրի հեգնանքով, ընդհատակյա կառույցների հենց այդ փնտրտուքն է, որ ինձ այսօր բերել հասցրել է մեղադրյալի աթոռին»:

Այն, որ «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը ազգայնականորեն տրամադրված մի խումբ երիտասարդների մասնավոր նախաձեռնությունը չէր, վկայում են նաեւ գործին քաջատեղյակ թուրք պաշտոնյաների հայտարարությունները:

Տրապիզոնի նախկին նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրը Dogan գործակալությանը տված հարցազրույցում օրերս ասել է. - «Երբ ուշադրությամբ քննության ես առնում Դինքի սպանության գործի նյութերը, ապա տեսնում ես, որ պատժվել են միայն սպանության անմիջական իրականացնողները: Ինչ վերաբերում է հանցագործության հետեւում կանգնած ուժերին, ապա դրանց ի հայտ բերելու փորձ անգամ չի եղել»։

Նախկին նահանգապետը ստեղծված իրավիճակը հետեւյալ կերպ է բացատրել. - «Թուրքական դատախազությունը որեւէ ապացույցի որոնման աշխատանք սեփական ուժերով չի իրականացրել: Գործով անհրաժեշտ ապացույցներ գտնելու ողջ աշխատանքը դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանն ու ռազմական ոստիկանությանը, հետագայում էլ այս երկու կառույցների տրամադրած տվյալները պարզապես ներկայացրել դատարանին»։

Թե՛ Դինքի սպանության անմիջական հեղինակը` Օգյուն Սամասթը, թե՛ նրան այդ հանցագործությանը դրդած Յասին Հայալն ու Էրհան Թունջելը բնակվել են Տրապիզոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG