Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժեց Արտակ Նազարյանի մոր դիմումը


Արտակ Նազարյան
Արտակ Նազարյան
Սահմանադրական դատարանը, քննելով մեկ ու կես տարի առաջ բանակում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Նազարյանի մոր դիմումը, որոշեց, որ քրեական օրենսդրության նախաքննությանն առնչվող հոդվածները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե իրենք իրավունք չունեն քննել կոնկրետ գործեր եւ գնահատականներ տալ դատական ակտերի մասին:

Նազարյանի մոր դիմումը վերաբերում էր տուժող կողմին նախաքննության նյութերի հատկացմանը: Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, նախաքննության նյութերը գաղտնի են համարվում են, եւ տուժող կողմը իրավունք ունի ծանոթանալ դրանց նախաքննության ավարտից հետո: Նախաքննության ընթացքում տուժող կողմին կարող են տրամադրվելմիայն որոշակի արձանագրություններ եւ որոշումներ: Սակայն կոնկրետ գործողությունների անցկացման վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ քննությանն առնչվող նյութերը տուժող կողմին կարող են տրամադրվել քննիչի որոշմամբ, այն էլ դրանք չհրապարակելու պայմանով:

Սահմանադրական դատարանում որպես պատասխանող կողմ էր հանդես գալիս Ազգային ժողովը: Ազգային ժողովի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այս պարագայում ոչ թե օրենքի խնդիր կա, այլ դրա կիրառման: Մխիթարյանը նշում է, որ քննիչն ինքը կարող է որոշել` տրամադրել նյութեր, թե` ոչ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել քննիչների կամայականությունների:

«Յուրաքանչյուր կոնկրետ գործի շրջանակներում քննիչն ինքն է որոշում` եթե նա թույլ տվեց այս տվյալի հետ ծանոթանալ դատավարության մասնակցին, դա ինչ ազդեցություն կարող է ունենալ», - ասաց Մխիթարյանը:

Լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, սակայն, ասում է, որ Սահմանադրական դատարանը հնարավորություն ուներ վերջ դնելու քննիչների կամայականություններին եւ կանգնելու տուժողների կողքին, բայց այս որոշմամբ իրեն զրկեց այդ հնարավորությունից:

«Ստացվում է, որ նախաքննությունը գաղտնի է տուժող կողմի եւ ընդհանրապես բոլորի համար: Այսինքն տուժող կողմն էլ պետք է նստի, ոչ մի քննչական գործողության չմասնակցի եւ վստահելով սպասի քննիչների կոծկման արարողությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Ծովինար Նազարյանը:

Նազարյանն ասում է, թե նախաքննության նյութերը կարող էին տրամադրել իրենց դրանք չհրապարակելու պայմանով, բայց դիտավորյալ մերժել են իրենց, որպեսզի կոծկեն իրականությունը: Նա վկայակոչում է նախաքննության ընթացքում քննիչների կատարված բազմաթիվ խախտումներ, որոնք կարող էին ուղղվել, եթե իրենց թույլ տրվեր մասնակցել նախաքննությանը:

«[Քննիչը] վերցրել է եղբորս ավտոմատը, փորձնական կրակոցներ արձակել, պահունակը անջատել եւ փամփուշտները հատ առ հատ հաշվել, վերցրել է դեպքի վայրում հայտնաբերած պարկուճը, հասկանո՞ւմ եք, որքան իրեղեն ապացույցների է ձեռք տվել ու ծիծաղելին այն է, որ դատաձգաբանական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ ավտոմատի վրա ոչ մի մատնահետք` ոչ քննիչի, ոչ էլ եղբորս մատնահետքերը չկան: Երբ մենք շատ բողոքեցինք, մեկ տարի հետո, նախաքննության նյութերը տրամադրելիս, գործի հատորներում հայտնվեց մի լուսանկար, որտեղ երեւում է ենթադրաբար քննիչի ձեռքերը` պլաստիկ թափանցիկ տոպրակներով բռնած ավտոմատը չոր խոտի ֆոնին», - պատմեց Նազարյանը:

Արտակ Նազարյանի ընտանիքը համաձայն չէ նախաքննությամբ հաստատված այն վարկածի հետ, որ 30-ամյա լեյտենանտն ինքնասպան է եղել եւ պնդում է, որ նրան սպանել են:

Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG