Մատչելիության հղումներ

Թուրքիային զայրացրել է Ֆրանսիայի Սենատի վճիռը


Ոստիկանները պահպանում են Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության շենքը, որի առջեւ ցույց է կազմակերպել Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: 24-ը հունվարի, 2012թ.
Ոստիկանները պահպանում են Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության շենքը, որի առջեւ ցույց է կազմակերպել Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: 24-ը հունվարի, 2012թ.

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի ընդունած որոշումը հարուցել է Թուրքիայի քաղաքական վերնախավի վրդովմունքը։

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի ընդունած որոշումը հարուցել է Թուրքիայի քաղաքական վերնախավի վրդովմունքը։

Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում` «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, որ Անկարան անպատասխան չի թողնի ֆրանսիացի օրենսդիրների ընդունած օրինագիծը։

«Այդ նիստին քիչ թվով սենատորներ են մասնակցել, դա հատուկ էր արվել որոշումն անցկացնելու համար։ Ես ասել եւ ասում եմ` Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության օրինագիծը, թե ստորին պալատը` մեզ համար համար դա սոսկ դատարկ փաստաթուղթ է», - հայտարարել է Էրդողանը։

Ավելին, Թուրքիայի կառավարության ղեկավարը ֆրանսիացիների օրինագիծը ռասիզմի եւ ֆաշիզմի հետ է համեմատել։

«Նրանք, ովքեր անտարբեր եւ լուռ կմնան այս ռասիստական, խտրական զարգացումների նկատմամբ, մեղավոր են Եվրոպայում ֆաշիզմի ահագնացող քայլքը չլսելու համար», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Նա պնդում է, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը ոտնահարում է խոսքի ազատությունը։

«Այդպես Սենատը զոհաբերում է հենց Ֆրանսիայի արժեքները», - ասել է Էրդողանը եւ ավելացրել. - «Սա հայերի կամ ֆրանսիացիների խնդիրը չէ, սա ռասիզմի եւ խտրականության խնդիր է»։

Խստորեն քննադատելով Սենատի երեկվա քվեարկության արդյունքը` Էրդողանն ասել է, որ Անկարան կընդունի կոշտ պատասխան քայլեր, սակայն նախ պետք է սպասել։

«Մեր կեցվածքը գործնական է եւ արժանապատիվ։ Մենք անպայման կդիմենք պատասխան միջոցների` քայլ առ քայլ։ Մենք վճռականորեն դրանք կկիրառենք եւ նահանջ չի լինի», - ասել է Էրդողանը եւ միաժամանակ պարզաբանել, որ նախ հարկ է հետեւել զարգացումներին, դեռ հայտնի չէ, թե կվավերացնի՞ նախագահ Նիկոլա Սարկոզին այդ օրինագիծը, կամ եթե վավերացնի` արդյո՞ք չի առարկի Գերագույն դատարանը։

Էրդողանի խոսքերով, մինչ այդ Անկարան Փարիզին հորդորում է սթափվել եւ ետ կանգնել վավերացումից։

«Եթե օրինագիծը վավերացվի, մեր կառավարությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ, մենք կհրապարակենք մեր գործողությունների ծրագիրը», - ասել է վարեչապետը։

Քաղաքական վերլուծաբանների մեծամասնության համոզմամբ, նախագահ Նիկոլա Սարկոզին կվավերացնի օրինագիծը։

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը փոքր հարցում է անցկացրել Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում։

Շարքային թուրքերը, բնականաբար, քննադատում են ֆրանսիացի օրենսդիրներին։

«Չեմ կարծում, որ Ֆրանսիայի ժողովուրդն այդպես է մտածում, ես լսել եմ Սենատի քննարկման մի քանի հատված, ոմանք դեմ էին օրինագծին։ Այնուամենայնիվ, Սենատն ընդունեց որոշումը, դա նախագահ Սարկոզիի ճնշման արդյունք էր», - ասել է մի ստամբուլցի։

Իսկ Անկարայի մի բնակիչ համոզված է, որ այս հարցով պետք է գիտնականները զբաղվեն։

«Ոչ թե պետությունները կամ կառավարությունները, այլ պատմաբանները պետք է հետազոտեն արխիվներն ու փաստաթղթերը եւ որոշում կայացնեն», - ասել է նա։

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաշին Բուղուլուն դեռ երեկ երեկոյան է ասել, թե օրինագծի ընդունումից տուժելու են բոլորը` Ֆրանսիան, Ֆրանսիայում բնակվող թուրքերն ու հայերը, Հայաստանը։
Նա հայտնել է, որ Ֆրանսիայում թուրքական դիվանագիտական ներկայության աստիճանը կիջեցվի։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որը մահմեդական աշխարհի ամենախոշոր քաղաքական կառույցն է, արդեն տարածել է հայտարարություն, որով դատապարտել է Ֆրանսիայի Սենատի վճիռը։

«Մենք մերժում ենք այդ օրենքը եւ համարում, որ այն չի համապատասխանում պատմական փաստերին», - հայտարարել է կազմակերպությունը` հավելելով, որ «պատմական խոշոր հարցերում ֆրանսիացի օրենսդիրները կրկնակի ստանդարտներ են կիրառում»։
XS
SM
MD
LG