Մատչելիության հղումներ

Մնջախաղի պետական թատրոնը կունենա իր շենքը


Երկար սպասումներից, նամակներից, խնդրանքերից հետո վերջապես Մնջախաղի պետական թատրոնը կունենա իր շենքը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ իրավաբանական փաստաթղթերն առայժմ պատրաստ չեն, բայց իրենք հուսով են, որ այդ օրն էլ հեռու չէ. - «Դեռեւս 2000-ի սկզբներին ես ասում էի, որ լավագույն տեղը, որ կարող է լինել թատրոնը, դա Հյուսիսային պողոտան է, բայց այդ ժամանակ մենք երազել անգամ չէինք կարող: Ես շատ շնորհակալ եմ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, որ հենց ինքն առաջարկեց Հյուսիսային պողոտայում: Շենքն իհարկե փոքր է, կամերային է, իհարկե նեղվածք կլինի մեզ, բայց ուրախ ենք, եթե բոլորն էսպիսի մեծ վրձնահարվածներով մոտենան խնդիրների լուծմանը, ապա կարծում եմ, որ մեր քաղաքը կսկսի ուրիշ կերպ ժպտալ»:

Շենքը կկառուցվի Հյուսիսային պողոտա-Տերյան հատվածում, նախատեսված է 51 հանդիսատեսի համար, սակայն նախագծի այլ մանրամասներից Ժիրայի Դադասյանը դեռ խոսել չի ցանկանում:

Շենքի հատակագիծն արդեն պատրաստ է, Դադասյանը նշում է` մի քանի օրից, որոշ խնդիրներ լուծելուց հետո, Նարեկ Սարգսյանի հետ կներկայացնեն հանրության ուշադրությանը. - «Որ բում կլինի, ես վստահ եմ: Երբ էս նախագիծը ցույց տվեցի Արմեն Խանդիկյանին, ինքը շատ ոգեւորվեց, գնաց, տեղը նայեց, արդեն շենքն էր պատկերացնում: Ասեց, գիտես սկսեցի հաշվել, թե արդեն քանի տարի է, որ Երեւանում թատրոն չի կառուցվել ու ասում ա շատ հեռու գնացի, 40-50 տարի առաջ է, որ կառուցվել է թատրոնի շենք, որովհետեւ բոլոր մյուս թատրոնները, որոնք որ կառուցվել են, կառուցվել են ուրիշ նպատակով, հետո ադապտացվել են իբրեւ թատրոն: Սա անկախ Հայաստանում առաջին հենց թատրոնի համար նախատեսված շենքը պետք է լինի»:

Դադասյանի խոսքով, ունեն նաեւ նոր մտքեր, նախագծեր, որոնց շնորհիվ Հյուսիսային պողոտան կլցվի թատերական շնչով եւ կգրավի թե' զբոսաշրջիկներին, թե' երիտասարդներին ու առհասարակ հայաստանցիներին:

«Ստարտ կտրվի արդեն գործունեությանը ոչ իբրեւ թատրոն միայն, այլ կսկսվի մի գործունեություն, որը քաղաքային մշակույթի հետ է առնչվում: Կլինեն տարբեր ժանրերի ներկայացումներ` կոմիկական, ծաղրածուական, պոետիկ, պարային, որովհետեւ շենքն արդեն թույլ կտա, որպեսզի մենք արդեն փողոցում էլ աշխատենք, շենքից փողոցում աշխատենք նույնիսկ: Կարծում եմ նորովի կիմաստավորվի նաեւ մեզ համար մեր արվեստը»:

Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհիներ Ինա Հախնազարյանն ու Շուշան Սարգսյանն արդեն տասը տարի է աշխատում են իրենց սիրելի թատրոնում: Դերասանուհիները նշում են, որ տարիներ շարունակ տարբեր հաստատություններում, տարբեր բեմերում խաղալուց հետո չեն հավատում, որ մոտ է այն օրը, որ խաղալու են սեփական թատրոնի սեփական բեմում. - «10 տարի է մենք էսպես շրջում ենք, անօթեւան թատերախումբ ենք»:

Ամենայն հավանականությամբ, շենքը պատրաստ կլինի 2013-ի սկզբներին, իսկ մինչեւ այդ Մնջախաղի թատրոնը կշարունակի իր գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում:

Անդրադառնալով մեկնարկած տարվա ծրագրերին` Դադասյանը նշում է, որ հաջորդ կարեւոր իրադարաձությունը կլինի Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի անցկացումը Ծաղկաձորում:

Նրա խոսքով, այս տարի փառատոնն առանձնանալու է մասնակից երկրների աշխարհագրությամբ. - «Բացառապես եվրոպական երկրներից են ժամանելու` Իտալիա, Իսպանիա, ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան, Ռուսաստան: Եթե առաջին փառատոնի ժամանակ մենք բարձրաձայնում էինք մեր մասին, որ սկսում ենք, որ բոլոր երկրներում իմանային սրա մասին, նույնիսկ հրավիրում էինք, առաջարկում էինք մասնակցել, ապա այսօր մենք արդեն ընտրում ենք: Հիմա ունենք շուրջ 20 հայտ, որից մասնակցելու են 10-ից ոչ ավելի երկրներ ներկայացնող թատրոններ»:

Մնջախաղի թատրոնն այս տարի իր խաղաշրջանը կբացի մարտի 8-ին թատրոնի պատմության մեջ նոր` կոմիկական ժանրի ներկայացումով, որը պատրաստում է թատրոնի երիտասարդ կազմը: Թատրոնը տարվա ընթացքում նախատեսում է նաեւ մեկնել հյուրախաղերի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

XS
SM
MD
LG