Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնում Նիկոլա Սարկոզիին


Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Նիկոլա Սարկոզիին, Երեւան, 6-ը հոկտեմբերի, 2012թ.

Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Նիկոլա Սարկոզիին, Երեւան, 6-ը հոկտեմբերի, 2012թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ ֆրանսիական Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նամակում, մասնավորապես, ասված է. - «Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար: Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ ամենուր: Վերջապես, այս օրն անմոռանալի է եւ ոսկե տառերով կգրվի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ»:

«Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը։ Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ` մաղթելով նորանոր հաջողություններ` հանուն Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի», - ֆրանսիացի գործընկերոջը գրել է Հայաստանի նախագահը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Նիկոլա Սարկոզիին շնորհակալական նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

«Այսօր հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների ջերմ բարեկամությունը զարդարվում է մարդու եւ ազգերի իրավունքների պաշտպանության նոր ձեռքբերումով, որը հայ նահատակների լույս հիշատակի առջեւ սփոփանք է բերում մեր ժողովրդին եւ ամրապնդում հավատը Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման: Ընդունված օրենքը վկայում է Ձեր, Ֆրանսիայի պետության եւ ժողովրդի անխախտ նախանձախնդրությունը ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային արժեքների հանդեպ, որոնց ամրագրումը կբացառի աշխարհում բռնություններն ու մարդկության դեմ գործվող ողբերգական ոճիրները», - ասված է, մասնավորապես, Վեհափառի նամակում։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG