Մատչելիության հղումներ

«Հայտարարությունը համահունչ էր հայկական կողմի դիրքորոշմանը»


ԱԺ-ի փոխնախագահ, Հանրապետականի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանով

ԱԺ-ի փոխնախագահ, Հանրապետականի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` չնայած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման արդյունքներով երկուշաբթի օրը Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում բեկումնային առաջընթաց չարձանագրեց, սակայն այն համահունչ էր հայկական կողմի դիրքորոշմանը: Հանրապետականի ներկայացուցիչը հայտարարությունում տեղ գտած որոշ ձեւակերպումներ Հայաստանի համար հաջողություն է որակում:

«Տեսանք, որ ամրագրվեց այն փաստը, որ խնդիրը ունի բացառապես խաղաղ լուծում, եւ սա հստակ պրեսինգ է նաեւ Ադրբեջանի վրա», - երեքշաբթի կայացած ասուլիսում ասաց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը:

Շարմազանովը կարծում է, որ Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ցանկանում էր ղարաբաղյան հարցի լուծումը տեղափոխել այլ հարթակներ, այդ թվում` ՄԱԿ, սակայն երեկ ընդունված հայտարարության մեջ, ըստ Հանրապետականի ներկայացուցչի, հստակ նշված է, հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի ձեւաչափում: Շարմազանովը այս ձեւակերպումը եւս հայկական կողմի հաջողությունն է համարում:

«Հայաստանը միշտ ասել է, որ մենք կառուցում ենք խաղաղ ժողովրդավարություն, մենք կառուցում ենք նորմալ հարաբերություններ եւ մենք մեր հասարակությանը չենք պատրաստում պատերազմի, չնայած մենք պատրաստ ենք պատերազմին: Իսկ Ադրբեջանը կառուցում է քաղաքականություն, որը հիմնված է ռասիզմի եւ հայաֆոբիայի վրա, եւ սա եւս հստակ ազդակ է ուղղված Ադրբեջանին», - ասաց հանրապետական գործիչը:

Շարմազանովի գնահատմամբ` ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չի արձանագրվում ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության պատճառով:

«Հուսով եմ, որ պրեսինգը կլինի այնքան արագ, որ Ադրբեջանի խոսքը եւ գործը իրարից չեն տարբերվի», - ասաց նա:

Մեկնաբանելով Ռուսաստան արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, թե կողմերը արձանագրել են ընդհանուր մոտեցում այն հարցում, որ առաջընթացի համար անհրաժեշտ է հրաժարվել մաքսիմալիստական դիրքերից, ԱԺ-ի փոխնախագահը խոսեց այն կոմպրոմիսի մասին, որին Հայաստանն է պատրաստ գնալ. - «Արցախի անկախությունը այլընտրանք չունի, Արցախի անկախության կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո Արցախի ժողովուրդը իր ղեկավարության հետ կորոշի` որտեղ կգնա փոխզիջումների: Ադրբեջանը, հաշվի առնելով, որ պարտված կողմ է, դեռեւս իր կոմպրոմիսների մասին չի խոսում, եւ այդ փաստարկը ավելի շատ ուղղված է ադրբեջանական կողմին»:

Շարմազանովը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում խոսեց նաեւ ներքաղաքական խնդիրների մասին: Խորհրդարանում առաջիկայում կքննարկվի ընդդիմության հեղինակած 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը: Հանրապետական կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչները դրական արձագանքներ են հնչեցրել օրինագծի վերաբերյալ: Հարցին, թե կոալիցիայի ներսում հակասությո՞ւն կա, Շարմազանովը ի պատասխան հիշեցրեց, որ ԲՀԿ-ն մի քանի ամիս առաջ կողմ է քվեարկել իշխանության հեղինակած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին եւ դեմ է արտահայտվել այդ փոփոխություններին իբրեւ այլընտրանքային տարբերակ ներկայացված Դաշնակցության օրինագծին, որտեղ էլ առաջարկվում էր անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

«Հանրապետական այն քաղաքական ուժերի թվին չի պատկանում, որ օրը վեց անգամ կարծիք փոխի կամ պահի ազդեցության տակ կարծիք փոխի: Մենք ունենք մեր հստակ կարծիքը, մնացածը մեր քաղաքական օպոնենտների խնդիրն է», - ասաց նա:

Շարմազանովն այսօր նաեւ հավաստիացրեց, որ ընտրություններին ընդառաջ միջազգային դիտորդներին հրավերներ են ուղարկվելու, ավելին` իշխանությունը կողմ է, որ նրանք հնարավորինս շատ լինեն: Հիշեցնենք` դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերները, ըստ Ընտրական օրենսգրքի, կարող են ուղարկել երկրի եւ Ազգային ժողովի նախագահները, վարչապետն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հիշեցնենք, սակայն, որ անցյալ շաբաթ հրավիրած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան հայտարարել էր, որ վստահաբար կարող է ասել` հայաստանյան ընտրություններին 2000 միջազգային դիտորդ չի ժամանի: Յուրաքանչյուր տեղամասում գոնե մեկ դիտորդ ունենալու հարց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն է բարձրացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG