Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դատապարտում է Ֆրանսիայի Սենատի որոշումը


Ադրբեջանը խորապես ցավում է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ եւ խստիվ դատապարտում է այդ որոշումը։ Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունում։

«Ֆրանսիայի Սենատի միակողմանի քայլերը, որոնք հակասում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատության սկզբունքներին, կարող են լուրջ վնաս հասցնել տարածաշրջանային որոշ գործընթացների այդ երկրի մասնակցությանը եւ հանգեցնել տհաճ հետեւանքների», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Հայկական ագրեսիայի հետեւանքով հարկադիր տեղահանվածներ դարձած մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման, Հայաստանի կողմից 20-րդ դարի վերջին ադրբեջանական տարածքների օկուպացման վրա աչք փակող ֆրանսիացի խորհրդարանականների տվյալ որոշման քաղաքական ուղղվածությունը հարցականի տակ է դնում Ֆրանսիայի անաչառությունը», - հայտարարում է պաշտոնական Բաքուն` Փարիզին կոչ անելով «անկողմնակալ գնահատել պատմական փաստերը եւ քաղաքական խաղի չվերածել նման հարցերը»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG