Մատչելիության հղումներ

«Քեթրին գրուպ»-ը տուգանվեց 10 միլիոն դրամով


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօրվա նիստում 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար) տուգանք է կիրառել ազոտական պարարտանյութերի շուկայում գործող «Քեթրին գրուպ» ընկերության նկատմամբ։

Հանձնաժողովը ամփոփել է «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը:

Հանձնաժողովը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ պարարտանյութերի շուկայում խիստ վերահսկողություն է հաստատել դեռեւս նախորդ տարվա մայիսից, երբ մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առեւտրի կետերում արձանագրվել էր մինչեւ անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Պարզելով, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռք բերման գինը կազմում է 6200-6400 դրամ, հանձնաժողովը որոշել է սահմանել հատուկ հսկողություն, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: «Քեթրին գրուպ»-ը, մինչդեռ, որոշ խմբաքանակներ 7 հազարի փոխարեն իրացրել է 7 հազար 600 դրամ գնով:

Հանձնաժողովի մասնագետները «Քեթրին գրուպ»-ի գործունեությունը որակել են որպես գերիշխող դիրքի չարաշահում եւ առաջարկել ընկերությանը տուգանել 20 միլիոն դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել հանձնաժողովին` տեղեկացնելով, որ խախտման տեւողությունը փոքր է եղել, բացի այդ` խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է: Դա հաշվի առնելով` հանձնաժողովը որոշել է վերանայել առաջարկվող տուգանքի չափը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG