Մատչելիության հղումներ

Հայաստանը երախտագիտություն է հայտնում Ֆրանսիային


Հայաստանի արտգործնախարարության շենքը

Հայաստանի արտգործնախարարության շենքը

Անցած գիշեր Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հայտարարել է Նալբանդյանը։

«Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլեւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։ - «Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան»:

«Ես կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարությանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին», - ասված է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG