Մատչելիության հղումներ

Դատախազ. «Դեռեւս սպանության ապացույցներ չկան»


Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ դեռեւս չկա 30-ամյա լեյտենանտի սպանության մասին վկայող որեւէ ապացույց:

«Չկա որեւէ ապացույց, որը վկայեր, որ տեղի է ունեցել սպանություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հարությունյանը: - «Ես հակված չեմ, քանի դեռ դատաքննությունն ավարտված չէ, որեւէ կերպ խոչընդոտելու գոնե մեկ ապացույցի… Դեռեւս նման գոնե մեկ ապացույց մենք չունենք քրեական գործով»:

Նազարյանը մահացել է ավելի քան մեկուկես տարի առաջ: Նրա դին, ըստ պաշտոնական վարկածի, գտել են Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող զորամասի հենակետերից մեկից ոչ շատ հեռու` ժայռաբեկորի վրա: Նազարյանը, ըստ նույն վարկածի, ինքնասպան է եղել:

Նրան ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվում են նրա ծառայակիցները. 5 զինծառայողները, ըստ նախաքննության, Նազարյանին պարբերաբար ծեծել ու ստորացրել են, ինչի հետեւանքով էլ նա ինքնասպան է եղել:

Ամբաստանյալի աթոռին հայտնված զինծառայողները, սակայն, երեք ամիս առաջ Երեւանում սկսված դատավարության ժամանակ հայտարարեցին, որ իրենք Նազարյանին ինքնասպանության չեն հասցրել: Նազարյանի հարազատներն ու ներկայացուցիչները եւս հայտարարում են, որ Նազարյանին սպանողները դատարանում չեն:

Նազարյանի հարազատները հիմնվում են մի շարք հանգամանքների վրա, որոնք թույլ են տալիս նրանց պնդելու սպանության մասին:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում մատնանշել է դրանք: Դրանցից մեկը Նազարյանի զենքի պարկուճներին է առնչվում: Ըստ փորձաքննության, լեյտենանտին զենքի բոլոր փամփուշտները տեղում են եղել. - «Դա մեզ ոչ թե հուշում է, այլ համոզում է, որ սպանության զենքը այլ զենք է եղել»:

Մյուս հանգամանքն առնչվում է Նազարյանի դիակի վրայի բռնության հետքերին: Դրանց մեծ մասը` ավելի քան 50-ը, քրեական գործում չկան:

Դատախազն ասում է, թե տուժող կողմի վկայակոչած այս եւ այլ հանգամանքների վերաբերյալ կարծիք կհայտնի այն ժամանակ, երբ դրանք կհետազոտվեն դատարանում: Դատարանն առայժմ քննում է վկաներին:

«Այդ բոլոր փաստարկները նոր չէ, որ հայտնի են: Այդ հարցադրումները ծագել են դեռեւս նախաքննության ընթացքում: Կատարվել է քննություն, եւ բոլոր պատասխանները տրվել են… եւ կայացվել են համապատասխան որոշումներ», - հավելեց Հարությունյանը` շարունակելով. - «Ավելի մանրամասն ես հիմա ձեռնպահ կմնամ` նկատի ունենալով, որ իմ` որպես մեղադրողի, ցանկացած կարծիք կարող է դիտվել որպես ճնշում դատավարության եւ դատարանի նկատմամբ»:

Դատախազը գտնում է, որ ինքը դատավորի ու այս գործով կարեւոր վկա Արման Մնացականյանի վրա ճնշում չի գործադրել:

Արման Մնացականյանը, ով հենակետում խոհարար էր, դատարանում հիմնականում անորոշ պատասխաններ է տալիս: Նա պատճառաբանում է, թե երկար ժամանակ է անցել, ու ինքը լավ չի հիշում կատարվածը: Տուժող կողմը պնդում է, որ նա դեպքի վայրում է եղել, իսկ դեպքի վայրը հենակետի խոհանոցն է:

Դատախազ Հարությունյանը գտնում է, որ այս վկան ամենեւին էլ առանցքային չէ, նա ընդամենը տեսել է, թե ինչպես են պարբերաբար Նազարյանին ծեծել: Վկան, սակայն, դատարանում Նազարյանի մահվան այլ օր հիշատակեց: Դատախազը գտնում է, որ երկար ժամանակ անցնելու պատճառով է վկան պարբերաբար ասում `, թե լավ չի հիշում, քանի որ կաշկանդված է մեղադրյալների ներկայությամբ:

Հարություն Հարությունյանը նաեւ ասաց, որ իրեն հարմար չէ դատական նիստերին մասնակցել Իջեւանում:

Դատավորը, հիշեցնենք, անցած շաբաթ որոշեց դատական նիստերն անցկացնել Տավուշի մարզում: Տուժող եւ պաշտպանական կողմերը որոշել են բոյկոտել դատական նիստերը:

please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG