Մատչելիության հղումներ

logo-print

Բանակում մահվան դեպքերի նվազումը «աննախադեպ» կարգապահական միջոցառումների արդյունք է


Անցած տարի բանակում արձանագրված մահվան դեպքերի կտրուկ նվազումը պայմանավորված է պաշտպանության նախարարության ձեռնարկած աննախադեպ կարգապահական միջոցառումներով։

«2011 թվականին աննախադեպ միջոցառումներ են իրականացվել կարգապահական, եւ զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմը անձամբ այցելել է բոլոր զորամասեր՝ հանդիպումներ, քննարկումներ եւ բացատրական աշխատանք իրականացրել զինծառայողների հետ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով զինված ուժերում 2010 թվականի համեմատ անցած տարում արձանագրված մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազման փաստը։

Պաշտպանության նախարարի խոսնակը, սակայն, հավելեց․ - «Թեեւ մահվան ելքով դեպքերը կտրուկ նվազել են, եւ այդ թիվը աննախադեպ է զինված ուժերի պատմության մեջ, այդուհանդերձ, դա չի գոհացնում զինված ուժերի ղեկավարությանը, եւ դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի հնարավորինս բացառվեն խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ վերջին տարիներին զինված ուժերում տեղի ունեցած դեպքերը հասարակական մեծ հնչեղություն են ստանում, Դավիթ Կարապետյանը մատնանշեց, որ նախ՝ պետք է տարանջատել տեղին ու ճիշտ քննադատությունը շահարկումներից։

«Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված բանակում արձանագրվող դեպքերի հրապարակայնացման ծավալների մեծացումը, կարծում եմ, դա պայմանավորված է երկու հանգամանքով․ նախ՝ տեղեկատվության միջոցները բավական զարգացան։ Եթե նախկինում գոյություն ուներ ընդամենը մի քանի տպագիր մամուլ եւ հեռուստաընկերություններ, այսօր գոյություն ունի սոցիալական ցանց հասկացությունը, ինտերնետային լրատվամիջոցներ, եւ այլն։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ այսօր պաշտպանության նախարարությունը առավել, քան երբեւէ, բաց եւ թափանցիկ է աշխատում», - մեկնաբանեց պաշտպանության նախարարի խոսնակը։

Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի նվազումը մեկնաբանելով՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց՝ որ նվազել է, դա շատ լավ է։

«Տարեցտարի դա պետք է տեղի ունենա, որովհետեւ բանակը նորաստեղծ է, ստեղծվել է ունեցած սպայական, ենթասպայական բազայի վրա։ Այսօր մենք ունենք հազարավոր կրթված, ուսյալ սպաներ, եւ բնական է, որ ճիշտ կառավարման դեպքում կարգուկանոնը պետք է լինի շատ ավելի բարձր մակարդակի, քան նախկինում է», - հավելեց ՊՆ նախկին փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG