Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երկուշաբթի օրը սուր քննադատության ենթարկեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հատուկ զեկույցը:

Նշված զեկույցով, հիշեցնենք, անցած դեկտեմբերին ՀՔԾ-ն հրապարակեց տեղեկատվական հաղորդում նախաքննության կատարած աշխատանքների եւ արդյունքների վերաբերյալ: Արձագանքելով դրան` Կոնգրեսի պետաիրավական հանձնախումբը եզրակացրել է, որ ՀՔԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը դեպքերից չորս տարի անց շարունակում են 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները «ներկայացնել գլխիվայր», «իրավապահ եւ ուժային մարմինների բացահայտ ապօրինի գործողություններին տալիս են կամայական գնահատականներ»:

Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը այսօր հրավիրած ասուլիսում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մարտի 1-ի գործով նախաքննական մարմինը, բացի ներքին զորքերի սպայից եւ շարքայինից, բոլոր սպանվածներին «փորձում է սեւացնել», վարկաբերել` նրանց ներկայացնելով իբրեւ հանցագործներ:

«Նպատակը այս բոլորի մեկն է` հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեաբանական բացասական բնութագիր ունեցող անձինք են, մի խոսքով` հանցագործներ են, եւ հենց հանցագործություն կատարելու ժամանակ էլ զոհվել կամ սպանվել են», - տարակուսեց Ջհանգիրյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Կոնգրեսը, ծանոթանալով սպանությունների` նախաքննական մարմինի կողմից ներկայացված նկարագրությանը, եկել է եզրակացության, որ նախաքննական մարմինը կարծես կարողացել է հիմնականում վերականգնել, թե ինչ է եղել մինչեւ սպանությունները, պարզել է գրեթե բոլոր սպանվածների գտնվելու վայրը, նրանց կողքին անմիջականորեն գտնված անձանց, նրանց շարժման ուղղությունը եւ այլն: Մեծամասամբ բացահայտված է նաեւ դեպքերի ընթացքը սպանություններից հետո. վիրավորին կամ մահացածին ովքեր, ում մեքենայով եւ ուր տեղափոխեցին:

«Բայց բուն սպանության գործողությունը` կրակոցի ուղղությունը, կրակողի անձը… առանց բացառության բոլոր տասը դեպքերում այդպես էլ ոչ ոք չի տեսել, ոչինչ չի կարողացել ասել», - հայտարարեց նախկին զինդատախազը` շարունակելով. - «Մի աներեւույթ ուժ թե' սպանված քաղաքացիական անձանց կողքին անմիջական գտնվողներին, թե' ոստիկանության սպայի ու շարքայինի համածառայողներին` բոլորին անխտիր, այդ պահին պարտադրել է նայել այլ կողմ, մի ուրիշ գործով զբաղվել: Եվ բոլորը միասին մի տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ կարեւոր դրվագը չեն տեսել», - ասաց Ջհանգիրյանը:

ՀԱԿ-ի այսօր հրապարակած զեկույցում նաեւ նշվում է, որ հասարակության եւ միջազգային կառույցների ուշադրությունը կենտրոնացած է առավելապես տասը սպանությունների բացահայտման պահանջի վրա: Սակայն մինչեւ օրս չի բացահայտվել մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ պատճառելու եւ ոչ մի դեպք:

«Ասվածը լրացուցիչ անգամ ապացուցում է, որ Մարտի 1-2-ին հրազեն ու պայթուցիկ սարքեր գործադրողներին բացահայտելու ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական արգելքի տակ է», - եզրակացրեց Գագիկ Գհանգիրյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մարտի 1-ի գործով նախաքննական մարմինը հրապարակած հաղորդման մեջ չի անդրադարձել «բանակի հակասահմանադրական ներգրավմանն» ու «ապօրինի զինված խմբերի մասնակցությանը», որեւէ փորձ չի արել քննության առարկա դարձնել Պաշտպանության նախարարի փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանը: Լռության է մատնված նաեւ Ռոբերտ Քոչարյանի` արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի սահմանադրականության խնդիրը:

«Մեր խորին համոզմամբ, Մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավումն է, որ պաշտպանվածության պատրանք ու համոզվածություն է ստեղծել թե' ոստիկանության, թե' ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ թե' ապօրինի զինված խմբերի մոտ, նրանց դրդել ծեծի ու ջարդի, թալանի, հրկիզումների», - ասված է ՀԱԿ-ի այսօր հրապարակած զեկույցում:

«Մեր եզրակացությունը հետեւյալն է. քանի դեռ Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը, անտեսելով օրենք եւ օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, Մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուները` այդ թվում եւ սպանություններ գործած անձինք, չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու», - հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա դժվարացավ պատասխանել, թե ինչ ազդեցություն կունենեն ՀԱԿ-ի 10 էջանոց հակափաստարկները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վրա, բայց տեղեկացրեց, որ վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը խոստացել է ՀՔԾ-ի զեկույցի վերաբերյալ կարծիք չգրել` մինչեւ չստանա Ջհանգիրյանի զեկույցը:

Ամեն դեպքում, Ջհանգիրյանը ընդգծեց, որ հենց ԵԽԽՎ-ի 1837 բանաձեւը Հայաստանի իշխանություններին հնարավորություն տվեց չբացահայտել տասը սպանությունները:

XS
SM
MD
LG