Մատչելիության հղումներ

Փորձագետները «էական» են գնահատում Սոչիի հանդիպումը


Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, չնայած երեք նախագահների մասնակցությամբ Սոչիում այսօր կայացած հանդիպումը որեւէ բեկում չարձանագրեց, ինչն, ի դեպ, չէր էլ սպասվում, այնուամենայնիվ, հանդիպման արդյունքով ընդունված համատեղ հայտարարությունն էական է առնվազն երկու պատճառով։

Առաջինն այն է, որ կողմերը հանձնառություն են հայտնել շարունակել խաղաղ բանակցություններն ու առաջ մղել գործընթացը։

«Սա էական է Ադրբեջանի կողմից անցած տարի պարբերաբար հնչեցվող ու ահագնացող ռազմական սպառնալիքների տեսակետից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ Սոչիում այսօր կայացած հանդիպման ժամանակ Ալիեւի կեցվածքը նկատելիորեն ավելի պակաս ռազմատենչ էր։

«Հավանաբար այստեղ դեր է խաղացել այն, որ Ադրբեջանը, իբրեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամ, որոշակի ճնշման է ենթարկվել միջազգային հանրության կողմից եւ այժմ հարկադրված է այսուհետ առավել զուսպ լինել», - գնահատում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը։

Երկրորդ էական հանգամանքը, քաղաքագետի դիտարկմամբ, այն է, որ այս հայտարարությամբ կողմերը վերահաստատում են բանակցությունները Մինսկի խմբի ձեւաչափով շարունակելու պատրաստակամությունը։

Ըստ ձեզ՝ կշարունակվի արդյոք Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվող եռակողմ հանդիպումների շարքը նաեւ Ռուսաստանի հաջորդ նախագահի օրոք։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին, Կիրակոսյանը նշեց, որ իր կարծիքով այս ձեւաչափը կպահպանվի, սակայն հաշվի առնելով, որ ներկայիս վարչապետ ու մեծ հավանականությամբ ապագա նախագահ Վլադիմիր Պուտինի ոճն այլ է, այլ կլինի նաեւ ապագա հադիպումների էությունը։

«Ի տարբերություն Մեդվեդեւի, Պուտինը շատ ավելի պակաս էներգիա, անձնական եռանդ ու ժամանակ կներդնի այդ հանդիպումներում, ու թերեւս կնախընտրի ճնշում գործադրել կողմերի վրա», - կարծում է Կիրակոսյանը։

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը կանխատեսում է, որ Ռուսաստանը, ամեն դեպքում, կձգտի պահպանել իր կարգավիճակն իբրեւ գլխավոր միջնորդ։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը եւս մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սոչիի այսօրվա հանդիպման արդյունքը, թեեւ մեծ չէ, սակայն կարեւոր է խաղաղ կարգավորման շարունակականության ու իրավիճակի որոշակի լիցքաթափման առումով։

«Ու մյուսը, որ գոնե Ադրբեջանը համաձայնեց, ոչ հստակ ձեւակերպումներով, շփման գոտում միջադեպերի վերահսկման հարցը ինչ-որ մի ձեւով սկսել, որը չափազանց կարեւոր է», - հավելեց Մինասյանը։

Ինչ վերաբերում է եռաչափ հանդիպումների ձեւաչափին՝ քաղաքագետը նշեց, որ այժմ դժվար է այդ մասին խոսել։

«Հնարավոր է, որ ինչ-որ ֆորմատ ստեղծվի։ Իհարկե, դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ Պուտինի համար այդ գործընթացը այդքան կարեւոր եւ անձնական գործ չի լինելու, ինչքան Մեդվեդեւի համար, բայց կարծում եմ Ռուսաստանը կփորձի շարունակել իր այդ նախաձեռնությունը», - հավելեց Սերգեյ Մինասյանը։

Դժվար թե Ռուսաստանը հրաժարվի «հավասարների մեջ առավել կարեւոր միջնորդը» լինելու իր դերակատարությունից, առավել եւս, որ հենց իր շահերից է բխում այն, որ հարավկովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունները չվերսկսվեն, զրույցն ամփոփեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG