Մատչելիության հղումներ

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի ներկայացմամբ, Եվրամիությունում ի հայտ եկած ֆինանսատնտեսական խնդիրները կարող են իրենց բացասական ազդեցությունը ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

«Եթե նայենք Հայաստանի արտաքին տնտեսական ցուցանիշներին, Եվրոպան մեր արտահանումների մեջ բավական նկատելի բաժին ունի` ամենամեծ: Հետեւաբար տնտեսական ճգնաժամը Եվրոպայում մեզ մոտ ծանր խնդիրներ կառաջացնի: Եվրոպական տնտեսության կրճատումը կհանգեցնի մեր հիմնական ապրանքահումքային արտահանումների կրճատմանը եւ, որ ամենացավալին է` գների անկմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Գալոյանը:

«Տնտեսական խնդիրները Եվրոպայում ուղիղ այն չափով, ինչ չափով, որ կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա, իրենց ազդեցությունը կթողնեն նաեւ Հայաստանի տնտեսության վրա», - շարունակեց Գալոյանը:- «Որովհետեւ ի վերջո չպիտի մոռանանք, որ Հայաստանը մեկ միլիարդ եւ ավելի դոլար Ռուսաստանից է ներմուծում` որպես արտահանված աշխատուժի աշխատավարձ»:

Նա նաեւ նախազգուշացրեց` բացասական զարգացումների դեպքում Հայաստանը կարող է վերստին բախվել այն տնտեսական ճգնաժամին, որը թակեց մեր դուռը 2009-ին. - «Ոչ միայն հնարավոր է, այլ ավելի ծանր կլինի, եթե եվրոպական տնտեսությունը կրճատվի… Հայաստանը տեսավ մի շրջան, երբ իսկապես հումքը էժանացել էր եւ երբ Հայաստանում ոչ մի կերպ չէր կարողանում տարադրամ ապահովել: Եվ ապրեց մեկ-երկու տարի խնայողությունների հաշվին: Իսկ ճգնաժամից հետո Հայաստանը այդքան խնայողություն չի կուտակել, որ երկրորդ հարվածին էլ դիմանա»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած էր հայտնել, թե Հայաստանը կարող է կրկին կանգնել երեք տարի առաջ տեղի ունեցած տնտեսական ճգնաժամի առջեւ. - «Այո, մեր տնտեսական կապերը ակտիվ են, բայց հիմնականում խոսքը գնում է առեւտրի մասին եւ խոսքը գնում է շատ կոնկրետ ապրանքատեսակների առք ու վաճառքի մասին` մետաղ, հանածո, ադամանդներ: Այս հատվածներով, որը գնում է էքսպորտի, այո, կապված ենք եվրագոտու անդամ երկրների: Բայց` ընդամենը այսքանով: Մենք այդ աստիճան չենք ինտեգրված եվրոպական տնտեսության մեջ, որ դրա հետեւանքները մեր վրա կզգանք»:

Թե ինչ ազդեցություն կարող են ունենալ եվրագոտում ներկայումս տեղի ունեցող բացասական զարգացումները Հայաստանի տնտեսության վրա, դեկտեմբերի վերջին` իր տարեվերջյան ասուլիսին անդրադարձել էր նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը. - «Ի տարբերություն նախորդ ճգնաժամի, թե' քաղաքական, թե' տնտեսական ղեկավարները Եվրամիությունում բավական ակտիվ նախահարձակ քաղաքականություն են իրականացնում, որոնք հույս են ներշնչում, որ այդ ռիսկերը կնվազեցվեն եւ այդ գործընթացները կառավարելի են: Եվ կարծում եմ, այդ զարգացումները էական ազդեցությունը հաջորդ տարվա մեր տնտեսության վրա չեն ունենա»:

XS
SM
MD
LG