Մատչելիության հղումներ

logo-print

Human Rights Watch. «Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները»


Human Rights Watch կազմակերպության լոգոն

Human Rights Watch կազմակերպության լոգոն

Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար. համենայնդեպս այդ է պնդում միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը՝ երեկ հրապարակած հերթական տարեկան զեկույցում։

Փաստաթղթում կազմակերպությունն արձանագրում է, որ 2011 թվականի ընթացքում պաշտոնական Երեւանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան դեպքերը բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել` բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։

Արձանագրելով, որ 2011 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել է առավել ակտիվ քննություն իրականացնել մարտի մեկի բախումներում անվտանգության ուժերի ստանձնած դերակատարության շուրջ՝ Human Rights Watch-ը միաժամանակ փաստում է. - «Այդուամենայնիվ, տասը մարդու մահվան պատճառ դարձած այդ իրադարձություններից ավելի քան երեք տարի անց՝ այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել՝ իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ»։

Հավաքների ազատության բաժնում կազմակերպությունը փաստում է, որ 2011 թվականի ապրիլին Երեւանի քաղաքապետարանը, մարտյան իրադարձություններից հետո առաջին անգամ, արտոնել է ընդդիմությանը բողոքի ցույցը Ազատության հրապարակում, միեւնույն ժամանակ նշելով. - «Ըստ ընդդիմության ակտվիստների, իշխանությունները այդուհետ խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին»։

Կազմակերպության պնդմամբ, Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ նաեւ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը. - «Օգոստոսին Եվրախորհրդի Կտտանքների կանխարգելման կոմիտեն հրապարակեց Հայաստան կատարած այցի արդյունքները՝ արձանագրելով, որ առկա են «ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին բավական մեծ թվով վստահելի եւ հետեւողական պնդումներ»։

Այս շարքում Human Rights Watch-ը հիշեցնում է Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչների օգոստոսյան ձերբակալությունը։ «Ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց ՀԱԿ մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեեւ բժիշկները նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենյանիվ, որեւէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ», - արձանագրում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Հիշատակվում է նաեւ գողության մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի սպանության դեպքը Երեւանի ոստիկանության երկու աշխատակիցների կողմից։ «Ոստիկանությունը արդարացրեց ուժի գործադրումը՝ պնդելով, որ Ենգիբարյանը փախուստի ժամանակ կրակել է ոստիկանության ուղղությամբ՝գազային ատրճանակից», - գրում է Human Rights Watch–ը եւ հավելում. - «Նախաքննությունը եզրակացրեց, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ են եղել, սակայն Ենգիբարյանի ընտանիքը կասկածի տակ է առնում եզրահանգումը՝ պնդելով, որ քննությունը արդյունավետ չի եղել եւ զոհվածի հաչազատները դրա ընթացքին ծանոթանալու հնարավորություն չեն ունեցել»։

«Չնայած մայիսին հայտարարված համաներմանը՝ կալանավայրերը շարունակում են մնալ խիստ ծանրաբեռնված՝ դրանից բխող բացասական հետեւանքներով», - փաստում է զեկույցը եւ ընդգծում, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանները մեծամասամբ կալանավորելու որոշում են կայացնում` մինչեւ դատաքննության ավարտն ու վճռի հրապարակումը։

«Բռնություններից ու կտտանքներից բացի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաեւ չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում», - հայտարարում է Human Rights Watch-ը եւ հիշեցնում՝ 2010-ի հոկտեմբերին՝ ընդամենը երկու շաբաթվա ձերբակալությունից հետո, Վանաձորի քրեակատարողական հիմնարկում մահացավ Սլավիկ Ոսկանյանը, ով մեղադրվում էր ոստիկանության գնդապետի մորը սպանելու մեջ։ «Նրա հարազատների պնդմամբ, Ոսկանյանը մահացել է գանգրենայից, որն առաջացել է կալանավայրում տեւական ժամանակ նրա վերքը անուշադրության մատնելու պատճառով, մինչդեռ այս հարցով քրեական գործը փակվեց՝ եզրակացությամբ, թե բանտի բժիշկների անփութությունը չի եղել կալանավորի մահվան պատճառը», - փաստում է զեկույցն ու ընդգծում. - «Հետաքննությունը, սակայն, չուսումնասիրեց՝ ինչպես է Ոսկանյանը ստացել վերքերը, որոնք հետագայում դարձել են նրա մահվան պատճառ»։

Տարեկան զեկույցում Human Rights Watch-ը անդրադառնում է նաեւ բանակում արձանագրվող բռնություններին, ոչ կանոնադրական հարաբերություններին ու մահվան դեպքերին՝ ընդգծելով, որ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ, դրանց թիվը մտահոգիչ է դարձել։

Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը փաստում է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, փոխարենը, սակայն, դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք «որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար»։

Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը. - «2011 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ՝ արձանագրելով, որ 2008 թվականի մարտի մեկի էջը վերջապես կարելի է համարել փակված», - հիշեցնում է Human Rights Watch-ն ու «անհարկի» որակում Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG