Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ի աշխատակիցը կաշառք ստանալու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի, 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության` դատարանը հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն առ այն, որ Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010 թվականի մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ. Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ. Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ եւ այդ տեղեկությանը օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Տեր-Մինասյանը եւ Չիլինգարյանը նրանից պահանջել են նախ 5000, ապա` 3000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ռ.Լաիշյանը 2010 թվականի ապրիլի 6-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ապօրինի հեռախոսակապ իրականացնելու վերաբերյալ նյութերին ընթացք չտալու համար Տեր-Մինասյանի եւ Չիլինգարյանի կողմից իրենից 3000 դոլար կաշառք պահանջելու մասին, եւ Լաիշյանի եւ Տեր-Մինասյանի հանդիպումը եւ կաշառքը փոխանցելու ընթացքը գաղտնատեսաձայնագրվել է:

Արմեն Տեր-Մինասյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ հունվարի 20-ին դատարանի դատավճռով դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Չիլինգարյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG