Մատչելիության հղումներ

logo-print

Հունվարի 21-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Խորհրդարանական ընտրություններում, ինչպես հայտնի է, լուծվում է այն հարցը, թե մարդկանց որ խումբն է առաջիկա հինգ տարիներին ղեկավարելու Հայաստանը: Իսկ այդ ղեկավարումը կոնկրետ նյութական արտահայտություն ունի: Ընդդիմությունն, օրինակ, հաշվարկներ էր ներկայացնում, որոնց համաձայն միայն տնտեսության ստվերը կրճատելու եւ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունը փոխելու շնորհիվ հնարավոր է շատ հանգիստ կրկնապատկել բյուջեն: Այսօրվա իշխանությունները դա չեն անում ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետեւ այդ ավելցուկը իրենք են վերցնում: Հիշենք արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակած թվերը, ասենք, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին: Այդ ավելցուկը կազմում է տարեկան մոտ 3 միլիարդ դոլար, այսինքն 5 տարվա համար 15 միլիոն: Հենց այդքան գումարի համար են կռիվ տալիս իշխանական համակարգի կարկառուն դեմքերը, որովհետեւ բոլորը դրանից փայ ունեն, ամեն մեկը իր չափով»:

«Երկրի» խմբագիրը ներկայացնում է մեծամասնական ընտրակարգով ընտրախախտումների մեխանիզմը. - «Շատերն անկասկած լսել են, որ այս կամ այն ընտրատարածքում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող անձը հայտարարում է, որ «շեֆից դաբրո» է ստացել։ Ահա այս դաբրոյով է սկսվում ընտրախախտումների շքերթը։ «Դաբրո» նշանակում է մեկ բան` իշխանությունը թեկնածուի առաջ կանաչ լույս է վառում ընտրախախտումների համար, խոստանալով աչք փակել դրանց վրա, բայց մի պարզ ու տրամաբանական պայմանով` թեկնածուն պարտավոր է իր օգտին ավելացված քվեաթերթիկների չափով ավելացնել նաեւ իշխող կուսակցության օգտին «քվեարկած» թերթիկների թիվը։ Արդյունքում` երկրի մոտ 2000 տեղամասերում հայտնվում են մահացածների, Հայաստանից հեռացածների, քվեարկությանը չմասնակցածների անունից քվեարկված 200-400 հազար քվեաթերթիկ, որոնց շնորհիվ էլ իշխող քաղաքական ուժը ստանում է ոչ միայն քվեարկողների ձայների «ճնշող մեծամասնությունը», այլեւ նվեր է ստանում իր պատգամավորական մանդատով ամբողջությամբ «շեֆին» պարտական ու նրանից կախված եւս 41 կոճակ սեղմող «համախոհ»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Հայաստանի վարորդները գտել են երթեւեկության կանոնների պահպանման համար փողոցներում տեղադրված տեսախցիկների դեմ «պայքարի» միջոցը: Պարզապես մազի լաքը փչում են համարանիշների վրա եւ տեսախցիկը չի կարողանում մեքենայի համարները ֆիքսել, ու խախտիր սրտիդ ուզածի չափ: Հիմա մնում է, որ ոստիկանությունը մազի լաքի ներկրումը արգելի, կամ մազերի լաքը վաճառեն միայն դեղատներում եւ այն էլ բժշկի հատուկ դեղատոմսով, իսկ մեքենաների համարանիշներն էլ պարբերաբար ենթարկեն թեստավորման, ինչպես ոստիկաններին թմրանյութի փորձաքննության են տանում Վովա Գասպարյանի հրամանով: Իրականում այս ծիծաղաշարժ եւ զավեշտալի իրավիճակը խոսում է բավական խորը հասարակական հիվանդության մասին, որով վարակված է հանրային հոգեբանությունը:Հասարակությունը ելք է փնտրում՝ օրինականությունից փախչելու, կարգուկանոնից փախչելու, պատասխանատվությունից փախչելու ելք, ընդդիմանալով ցանկացած քայլի, որն ուղղված է խաղի կանոնների հստակեցմանն ու օրինական միջավայրի ձեւավորմանը»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի շտաբի համակարգող Աշոտ Զաքարյանը: Նա ասում է. - «Ընտրություններն, ըստ էության, չեն արտացոլում բուն քվեարկությունը: Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով հնարավոր է որեւէ բան փոխել»: Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով, սխա՞լ է ընտրություններին մասնակցությունը, այսինքն այդ առումով տարաձայնություն կա՞ Ձեր եւ Կոնգրեսի միջեւ»: - «Ոչ, ընտրությունները, նախընտրական շրջանը իմ մասնավոր կարծիքով պետք է լավագույնս օգտագործել Հայաստանում, բառիս ամենաիսկական իմաստով, հեղափոխություն իրականացնելու համար: Կոնգրեսը դեռեւս այս առումով որեւէ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, ընդամենը հայտարարվել է այն մասին, որ մասնակցելու ենք ընտրություններին եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մաքսիմում արդյունքներ ապահովենք»:

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ասում է. - «Վերջին շրջանում ՀԱԿ-ը լուրջ կորուստներ է ունեցել. հանրությանը հայտնի մի շարք գործիչներ, համաձայն չլինելով ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությանը եւ գործելակերպին, ընտրել են ինքնուրույն ճանապարհ, այն կորցրել է իր երբեմնի համակիրների զգալի մասի վստահությունը։ Այս առումով բնական է, որ ի սկզբանե պետք է փորձեին արդարացնել իրենց, կարծում եմ, համեստ արդյունքները առաջիկա համապետական ընտրություններում։ Սա տանում է նրան, որ այս գլխից փորձ է արվելու լարել իրավիճակը, երկփեղկել հասարակությունը եւ ընտրություններից հետո աղմուկ բարձրացնել, թե ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, կրքեր բորբոքել, ստեղծել «եռացող կաթսա» եւ քաղաքական դիվիդենտներ կորզել` խաղալով մարդկանց զգացմունքների հետ։ Այլ կերպ ինչպե՞ս պիտի մնան հարթակի վրա` քաղաքական ասպարեզում»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG