Մատչելիության հղումներ

«Աննախադեպ համախմբում» համամասնական ընտրակարգի օրինագծի շուրջ


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան, 20 հունվար, 2012
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան, 20 հունվար, 2012
Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացմամբ, «աննախադեպ համախմբում կա» միասնաբար հանդես գալու ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ հարցի շուրջ:

Այսօր այդ մասին հայտարարվեց քաղաքական համաժողովում, որին մասնակցում էին ընդդիմադիր եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Խոսքը վերաբերում է անցած տարվա դեկտեմբերի 27-ին ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացրած համատեղ առաջարկությանը` վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, քանի որ խորհրդարանական ընտրություններին ընտրակեղծիքների մի մեծ մասը կատարվում է հենց մեծամասնական կարգով ընտրությունների ժամանակ: Այս առաջարկությունը ողջունեցին Հայ ազգային կոնգրեսն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Հունվարի 12-ին «Ժառանգության» ու ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները համատեղ օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրեցին օրինագծերի մի փաթեթ, որով առաջարկում են Ազգային ժողովի ներկայիս խառն ընտրակարգից անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի:

Այսօրվա համաժողովին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր վերը նշված, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, թե իշխանություններից պահանջում են Ընտրական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն եւ անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

«Իսկապես հիմնական հանցագործությունը, հիմնական կեղծիքները կատարվում են մեծամասնականների միջոցով, եւ կարծես թե շատ բացահայտ պայմանավորվածություն կա. իշխանությունը բացահայտ հնարավորություն է ստեղծում այդ ընտրատարածքներում թեկնածուների համար, որոնք ապաքաղաքական տարրեր են, դրա փոխարեն նրանք իշխանությանը համամասնական ցուցակների համար համապատասխան ձայներ են ապահովում», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Իր ելույթում ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, վերահաստատելով, որ Կոնգրեսը ողջունում է առաջարկությունը, հավելեց. - «Ցանկանում եմ հայտարարել, որ հենց այս հարցերի լուծման նպատակով ՀԱԿ-ը պլանավորել է փետրվարի 17-ին համապետական հանրահավաք անցկացնել: Մենք նաեւ նախատեսել ենք հանրահավաք այն օրերին, երբ Աժ-ում քննարկվելու է այս առաջարկը»:

Համաժողովին ներկան էին եւ ելույթ ունեցան նաեւ իշխող քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ասաց, թե իրենց խմբակցությունը դեռ չի քննարկել, բայց «առաջիկայում անպայման կքննարկի ընդդիմադիր գործընկերների առաջարկը»: Նա նաեւ հիշեցրեց, որ ԲՀԿ-ի ծրագրով նախատեսված է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

«Ես քննարկել եմ խնդիրը մեր մի քանի գործընկերների հետ, ես կարող եմ ասել` իմ տեսակետը պաշտպանելն է 100 տոկոսանոց համամասնականը, բայց կա խմբակցության միասնական դիրքորոշում: Դա կլինի խմբակցությունում քննարկելուց հետո, այդուհանդերձ, եթե մենք ուզում ենք ունենալ իրապես քաղաքական խորհրդարան, իհարկե, ճիշտ է անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին», - իր անձնական տեսակետը ներկայացրեց Զոհրաբյանը:

Համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ասաց. - «Մենք չասացինք, թե համաձայն չենք, այսինքն մենք նշում ենք, որ կողմ ենք մաքսիմում համամասնական ընտրակարգին, ինչպե՞ս ենք ընդունում այդ մաքսիմում թիվը` 90, 111… օրինակ եմ բերում, այսինքն սա քննարկելու խնդիր է, եւ ինչպե՞ս կարող է մենք կողմ չլինենք, որ աստիճանաբար, փուլ առ փուլ անցնենք համամասնական ընտրակարգին»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանաին փոխանցեց, թե Հանրապետականը շարունակում է դեմ հանդես գալ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ առաջարկությանը:

Հարցին, թե հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների խոսքերը, կարելի՞ է ասել, որ այս հարցի կապակցությամբ իշխող քաղաքական կոալիցիայում հակասություններ կան, Սահակյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ կան, անձնական կարծիք ներկայացնելով նաեւ հնչեց, որ իրենց ծրագրում կա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը, որ կքննարկեն եւ այլն: Ես մի փոքր ավելի հստակ կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել այդ հայտարարության հետ կապված, երբ որ լինի իրենց ֆրակցիայի քննարկումը եւ երբ ներկայացնեն իրենց դիրքորոշումը», - ասաց Սահակյանը:

ՀՅԴ Գերագույն մարնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ քաղաքական ուժերի համախմբումը այս առաջարկի շուրջ դրական արդյունք կտա:

«Մինչեւ հիմա երեւի իրենք էլ չէին պատկերացնում, որ այս խնդրի շուրջ իսկապես գոյություն ունի լայն համախոհություն: Պետք է արձանագրել, որ այս հարցի հետ կապված կա «կոնսենսունս մինուս մեկ» իրավիճակ, այսինքն համախոհություն է գրեթե բոլորի մոտ, բացառությամբ Հանրապետական կուսակցության: Գտնվել է մի խնդիր, որը բոլորին կարող է համախմբել, եւ սա կհամախմբի անպայման քաղաքական դաշտը, որը իր դրական արդյունքը կտա», - ասաց Ռուստամյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG