Մատչելիության հղումներ

Բադալյան. «Կուսակցական կրծքանշաններով կարող են չգալ»


Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Հայաստանի քաղծառայության խորհուրդը 10 տարուց ավելի ղեկավարող Մանվել Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց, որ թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներին «կուսակցական կրծքանշաններով կարող են չգալ»:

«Ես ուզում եմ, որ մեր բոլոր կուսակցականներն իմանան` գոնե քաղաքացիական ծառայության համակարգում առաջնությունը չի տրվելու իրենց կուսակցական կրծքանշաններին: Առաջնությունը տրվելու է գիտելիքին», - Քաղծառայության խորհրդի տասնամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց Բադալյանը` հայտարարելով. - «Գտնում եմ, որ քաղաքացիական ծառայողներին օրենքով ճիշտ կլինի արգելել լինել կուսակցության անդամ»:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը 10 տարի առաջ այս օրերին է սկսել գործել: Ներկայումս Հայաստանում մոտ 8000 քաղծառայողներ կան: Ծառայության հայտարարած մրցույթներին ընդհանուր առմամբ մասնակցել է 30 հազար քաղաքացի, եւ, ըստ խորհրդի նախագահի, այս տարիներին քաղծառայողներին ընտրելիս «կամայականությունն ու սուբյեկտիվությունը նվազել են»:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը պետք է ապահովի մրցակցային եւ թափանցիկ ընթացակարգերով քաղաքացիական ծառայողների ընդունումը եւ այսօր այն եվրոպական ստանդարտների ճանապարհով է առաջ շարժվում: Գոնե պաշտոնապես այդպես է հայտարարում Մանվել Բադալյանը. - «Գերխնդիրը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից զերծ պահելն է: Որովհետեւ քաղաքական գործիչները պիտի գան ու գնան, քաղաքական ընտրությունները հենց դրա համար են: Բայց դա չպիտի առնչվի պրոֆեսիոնալներին, ովքեր ժամանակին ստացել են կրթություն, ձեռք են բերել գիտելիքներ, փորձ, հմտություններ, եւ պիտի նրանք իրենց կարողությունները ծառայեցնեն Հայաստանի Հանրապետությանը: Ոչ թե այս կամ այն կուսակցությանը»:

Քաղծառայության համակարգի ներդրման 10-ամյակի կապակցությամբ Կառավարության ընդունելությունների տանը ներկա Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ոլորտի քաղծառայողների կուսակցական պատկանելությունից ինքը տեղյակ չէ` չի հետաքրքրվել, քանի որ որեւէ կերպ դա ազդեցություն չի ունեցել իրենց աշխատանքի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG