Մատչելիության հղումներ

Սարկոզին վստահեցնում է, որ ցեղասպանության օրինագիծը որեւէ երկրի կամ ժողովրդի դեմ «ուղղված չէ»


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «խոհեմության եւ երկխոսության» կոչ է արել Թուրքիային այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք պահպանել մեր երկխոսությունը, ինչպես վայել է գործընկեր եւ բարեկամ պետություններին», - գրել է Սարկոզին` անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում երկուշաբթի օրը քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որը հարուցել է Էրդողանի կառավարության դժգոհությունը:

Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից հրապարակված նամակում նաեւ ասվում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունված օրինագիծը «ուղղված չէ որեւէ կոնկրետ երկրի կամ ժողովրդի դեմ»:

Արձագանքելով Ֆրանսիայի նախագահի նամակին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է. - «Մենք ակնկալում ենք, որ նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա կուսակցությունը եւ Ֆրանսիայի Սենատը ամենից առաջ կհարգեն եվրոպական արժեքները»:

«Պատմությունը շահարկողները իրենք կտուժեն այդ շահարկումից», - հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից անցած տարվա դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը անմիջապես հաջորդեց պաշտոնական Անկարայի կտրուկ հակազդեցությունը, հիմնականում` Ֆրանսիային ուղղված սպառնալիքների տեսքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG