Մատչելիության հղումներ

47 հայ ուղեւորները պատանդ էին մնացել հայ - վրացական սահմանին


Ստամբուլից Երեւան ժամանող ավտոբուսի 47 հայաստանցի ուղեւորները այսօր պատանդ էին մնացել հայ - վրացական սահմանին` Բագրատաշենի անցակետի մոտ։

Ավտոբուսի երկու վարորդները` թուրք եւ վրացի, ոչ միայն հրաժարվել են շարունակել ճանապարհը, այլեւ ուղեւորներին թույլ չեն տվել վերցնել իրենց իրերը եւ ոտքով անցնել սահմանը։

Վարորդները իրենց նման պահվածքը պատճառաբանել են նրանով, թե աշխատավարձ չեն ստացել ուղեւորափոխադրող ընկերությունից։ Ընկերությունը, սակայն, հավաստիացրել է, որ աշխատավարձերը վճարված են։

Միջամտել է Վրաստանում Հայաստանի հյուպատոսությունը` փորձելով տեղում լուծում գտնել խնդրին։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ավտոբուսի ուղեւորներին ի վերջո հաջողվել է վերցնել իրերը եւ ոտքով անցնել սահմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG