Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպության` երեկ հրապարակված զեկույցում տեղ գտած գնահատականները միանգամայն կանխատեսելի էին:

«Հաստատում են մեր մտահոգությունները, որ չկա առաջընթաց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը: - «Այս գնահատականի վրա պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժերը, հատկապես նրանք, ով որ խոսում են առաջընթացի մասին, այլ նաեւ այն եվրոպական, ամերիկյան կառույցները, որոնք վերջերս չգիտես ինչու մեծ քաղաքական կրեդիտներ են տալիս այս իշխանությանը` նշելով առաջընթաց, ժողովրդավարության ուղղությամբ ինչ-որ քայլերի մասին, եւ դրանով որոշակի ապակողմնորոշելով նաեւ մեր հանրությանը իշխանության գործողությունների վերաբերյալ»:

Իշխող Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը հակադարձում է` «Հայաստանը առաջընթաց արձանագրել է»: Նրա գնահատմամբ, զեկույցը քաղաքական ենթատեքստ ունի:

«Նախեւառաջ, մենք պետք է ինքներս հասկանանք եւ մեր քայլերը կազմակերպենք այնպես, որ մեր երկիրը լինի իսկապես ազատ, այլ ոչ թե այս կամ այն միջազգային կառույցը տա այդ գնահատականը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, թե հայաստանյան իշխանությունները այսօր այդ ուղղությամբ որոշակի քայլեր են կատարում:

Դաշնակցական Հրայր Կարապետյանը Freedom House-ի գնահատականների հետ մասամբ է համաձայն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ հիմնականում ընտրական գործընթացներն են բացասական ազդեցություն թողել երկրի վարկանիշի վրա:

«Այսօր Հայաստանում կուսակցությունները ազատ են գործում, մամուլը ազատ է գործում` չկան փակված լրատվամիջոցներ, կասեցված քաղաքական ուժեր: Սակայն այն, ինչ վերաբերում է օրենսդրության մարմնին, այն, ինչ վերաբերում է օլիգարխիկ ուժերին, որոնք սերտաճել են իշխանությունների հետ, իհարկե, սա չենք կարող համարել որպես ժողովրդավարացման քայլ», - ասաց Հրայր Կարապետյանը:

Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, «անզեն աչքով երեւում է, որ Հայաստանը չէր կարող դասվել ազատ երկրների շարքը»:

«Բավական է հիշել միայն թերթերի դեմ հարուցված տասնյակ դատական գործերը», - կարծիք հայտնեց պատգամավորը` ընդգծելով, որ ազատ խոսքը ոչ միայն պաշտպանված չէ, այլեւ հարձակում կա դրա դեմ: - «Ավելին ասեմ` չի կարող Հայաստանը գնահատվել ազատ երկիր, եթե Մարտի 1-ին տրված պատշաճ գնահատականով չկանխվեց այն հանգամանքը, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանը կրկին ունենա քաղբանտարկյալներ: Հայաստանում արդարադատությունը, մարդու իրավունքների ինստիտուտը չեն գործում: Գործում է մեկ հոգու քաղաքական կամքը, կամ դրա բացակայությունը»:

Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության արդյունքների մասին Freedom House-ի թերահավատությունը երկխոսող ուժի` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով եւս տրամաբանական է:

«Խնդիրը նրանում է, որ տրամաբանական ավարտ չեղավ, եւ նաեւ այս գնահատականը կա զեկույցում», - պնդեց ընդդիմադիր գործիչը:

Իշխող Հանրապետականից Հովհաննես Սահակյանի կարծիքով, զեկույցի այս հատվածի ուղերձը իշխանություններին ուղղված չէ:

«Բացասականն էլ ոչ միշտ է, որ ուղղված է դեպի իշխանությունները եւ ոչ միշտ է, որ հարցադրումը պետք է լինի դեպի իշխանությունը: Մենք ամեն ինչ արել ենք, եւ նաեւ իշխանությունն է քայլ կատարել, որովհետեւ իշխող դիրքերից ելնելով` փորձել է նստել եւ լսել», - ասաց Սահակյանը:

XS
SM
MD
LG