Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահ է, որ ընտրատարածքների քարտեզի փոփոխությունները «քաղաքական ենթատեքստ» չունեն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարը վերահաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պնդումները. - «Այն, ինչ ներկայացրեց [ԿԸՀ-ի նախագահ] Տիգրան Մուկուչյանը` հրապարակայնորեն, բոլորի ներկայությամբ հստակ սահմանելով, որ կատարվում է ընդամենը Ընտրական օրենսգրքի պահանջը` որ ընտրատարածքների միջեւ տարբերությունը չպետք է լինի 10 տոկոսից ավելի: Եվ դրանք վերանայվում են ինչ-որ մի ժամանակահատվածում»:

Ընդդիմությունը, հիշեցնենք, հայտարարում է, որ 41 ընտրատարածքների սահմանների փոփոխություն հիմքում ընկած են բացառապես իշխանության քաղաքական շահերը: Ընդդիմադիր գործիչներից ոմանք համոզմունք են հայտնել, թե իշխանությունը այդ քայլով կարգավորում է կոնկրետ ընտրատարածքներում կոնկրետ անձանց թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրելու հարցը:

«Նրանք [իշխանությունները] արդեն որոշել են, թե ով են 41 մեծամասնական թեկնածուն եւ վերաձեւվում են ընտրատարածքները ըստ այդ որոշված թեկնածուների տարածքային ազդեցությունների», - «Ազատություն» ռադիոկայանին օրերս ասել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այն պաշտոնյաներից էր, որ ուղիղ 9 ամիս առաջ այս օրը ներկա էր Հայաստանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը: Սերժ Սարգսյանը ցուցում էր տվել նոր թափ հաղորդել Մարտի 1-ի բացահայտմանը եւ ասել էր, թե այդ հարցն իր համար շատ կարեւոր հարց է:

Վերջերս էլ հրապարակվել էր Հատուկ քննչական ծառայության զեկույցը, համաձայն որի անգամ զոհվածներից առնվազն երկուսին` Գոռ Քլոյանին եւ Զաքար Հովհաննիսյանին, այսպես կոչված` զանգվածային անկարգությունների կատարմանը ներգրավել է մեկ այլ զոհված Արմեն Ֆարմանյանը:

Քանի որ Մարտի 1-ի բացահայտմանը նոր թափ հաղորդելու Սերժ Սարգսյանի հանձնարարականի արդյունքը փաստորեն Հատուկ քննչական ծառայության զեկույցն էր, փորձեցինք պարզել Արդարադատության նախարարի վերաբերմունքը. - «Ձեր կարծիքով, այդ ցուցումը որքանո՞վ է կատարվել»: Հրայր Թովմասյանը արձագանքեց. - «Ես դատախազ չեմ: Եվ ես ո’չ ի պաշտոնե, ո’չ էլ մասնագիտական առումով այդ նյութերը ինձ մատչելի չեն: Ինձ մնում է ապավինել այդ մարմինների պրոֆեսիոնալիզմին եւ այդ հանձնարարության կատարման հետեւողականությանը»:

Մարտի 1-ից հետո, երբ Հայաստանում լարված քաղաքական իրավիճակ էր, բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ էին հուսադրում, թե նախաքննությունը կպարզի օբյեկտիվ ճշմարտությունը: Շուտով կլրանա Մարտի 1-ի դեպքերի 4-րդ տարելիցը:

Մեջբերում Արդարադատության նախարարի խոսքից. - «Օբյեկտիվ ճշմարտությանը ոչ միշտ է, որ դու կարող ես հասնել: Ժամանակ է անցնում, մարդիկ չկան, վկաները չկան եւ այլն: Մնացած առումով պիտի տեսնել` արդյո՞ք դատախազությունը իր ունեցած լիազորությունների եւ գործիքների շրջանակում արել է ամեն ինչ այդ խնդրի լուծմանը հասնելու համար… Իմ կարծիքով` արել է»:

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի հարցադրումը. - «Ի՞նչ գործիքներ է օգտագործել: Իրեղեն ապացույցները չեն կարողացել պահել, ի՞նչ գործիքի մասին է խոսքը: Եթե գործիքներով ենք ընդառաջվում` Քրեական դատավարության օրենսգիրք կա. թող դնեն, իրենց գործն անեն: Ուղղակի ցավում եմ, որ այս իրավիճակն է»:

Մարտի 1-ի դեպքերի կապակցության մի քանի զեկույց ներկայացրած Սեդա Սաֆարյանը Հատուկ քննչական ծառայության զեկույցի վերաբերյալ Արդարադատության նախարարի դիտարկմանը հակադրվելով` ասաց. - «Հատուկ քննչականը ոչ միայն չի օգտագործել օրենքով նախատեսված միակ գործիքը` Քրեական դատավարության օրենսդրության պարտադրանքը, այլեւ առաջնորդվել է բացառապես քաղաքական նպատակներով». - «Ընդամենը պահպանել է իր նախկին դիրքորոշումը, իր քննած անարդյունավետ եւ շեղված ուղղությունով գործը: Ոչ էլ քրեական` քաղաքականացված ուղղություն վերցրած մի գործ, որը չի կարելի ասել ամեն դեպքում քրեական»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG