Մատչելիության հղումներ

Թուրքիան «առողջ բանականության» է կոչում Ֆրանսիայի Սենատին


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ խորհրդարանը Ֆրանսիայի Սենատին կոչ են արել եկող շաբաթ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկման ժամանակ «հետեւել առողջ բանականությանը»։

«Օրինագծի ընդունումը ոչ միայն կմթագնի երկկողմ կապերը, այլեւ հարված կհասցնի դրանց», - Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյուլը։

Նույնպիսի կոչով է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հրապարակած հայտարարությունում։

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին, իր հերթին, թուրքական Kanal D հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից նախագծի մերժումը չի նշանակում, թե այն չի ընդունվելու։ Նա պարզաբանել է, որ իրավիճակը կարող է լինել «մի փոքր այլ», քանի որ սենատորները կպաշտպանեն իրենց ընտրողների պահանջները եւ իրավունքները։

Բիլին պաշտոնական Անկարային կոչ է արել անչափ սուր չհակազդել Սենատում օրինագծի հնարավոր ընդունմանը` հավաստիացնելով, որ այդ դեպքում նախագիծը ներկայացվելու է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի քննությանը։

«Այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, հարիր չէ ո՛չ Ֆրանսիայի ժողովրդավարությանը, ո'չ էլ Ֆրանսիային` որպես Եվրամիության առաջատար երկիր», - հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը` հույս հայտնելով, թե, այդուհանդերձ, Սենատը հավանություն չի տա նախագծին։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը այսօր տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, օրինագիծը երկուշաբթի օրը կարժանանա ֆրանսիացի սենատորների մեծամասնության հավանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG