Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի աստղերը «Ընտրողների լիգա» են ստեղծել


«Ընտրողների լիգայի» ստեղծման մասին հայտարարվեց հունվարի 18-ին Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ
«Ընտրողների լիգայի» ստեղծման մասին հայտարարվեց հունվարի 18-ին Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ

Ռուսաստանի ընդդիմադիր շրջանակներին սատարող առաջատար գրողների, երաժիշտների, բնապահպանների եւ լրագրողների մի խումբ մարտի 4-ի նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր կեղծիքների դեմ պայքարելու նպատակով ստեղծում է «Ընտրողների լիգա»։

Նոր կազմակերպությանը այս պահին անդամակցում է Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող 16 մարդ, այդ թվում վիպասան Բորիս Ակունինը, լուսանկարիչ Իլյա Վարլամովը, բնապահպան Եվգենիա Չիրիկովան, ռոք-երաժիշտ Յուրի Շեւչուկը, հեռուստաաստղ Լեոնիդ Պարֆյոնովը ու ուրիշներ։

Համահիմնադիրներից Չիրիկովան «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը ասել է, թե ձմեռային երկարատեւ արձակուրդներից հետո անհրաժեշտ է շեշտակի ակտիվացնել բողոքի ակցիաները։

«Շատ կարեւոր է չկորցնել ձեռք բերած ընթացքը, որը, դժբախտաբար, դանդաղել է այս հանգստյան շաբաթներին։ Մենք իրավունք չունենք կորցնել այն միտումը, որն ուրվագծվում է հասարակությունում, մենք չենք կարող նորից քուն մտնել, առանց այն էլ քնած էինք անցած10-15 տարիների ընթացքում», - ընդգծել է բնապահպանը։

Անցած տարվա դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ընդդիմության ցույցին մասնակցել է շուրջ 100 հազար մարդ։

Ընդդիմությունը պնդում է, որ 2011-ի դեկտեմբերի 4-ի Պետական դումայի ընտրությունները կեղծված են։

Ընդդիմության հաջորդ խոշոր հանրահավաքը պետք է տեղի ունենա փետրվարի 4-ին։

Վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով նախագահության առաջատար թեկնածուն է, հավաստիացնում է, թե մարտի 4-ի ընտրությունները կլինեն ազատ եւ արդար։

Նա առաջարկել է տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում։

Բացի այդ, ըստ ռուսական մամուլի, ընտրական հանձնաժողովների աշխատակիցների շուրջ 30 տոկոսը կփոխվի։

«Գոլոս» դիտորդական անկախ կազմակերպության անդամ Անդրեյ Բուզինը ողջունել է «Ընտրողների լիգայի» ստեղծումը, սակայն կասկածի տակ է առել ընտրությունները բարելավելու մասին իշխանության խոստումների անկեղծությունը։


«Ընտրական հանձնաժողովների աշխատողները քավության նոխազներ են։ Նրանք երբեք չեն կեղծում իրենց նախաձեռնությամբ։ Այդպես պարզապես չի լինում։ Նրանք աշխատում են տեղական վարչակազմերի հսկողության ներքո։ Եվ առաջին անգամ չէ, որ նրանց պաշտոնանկ են անում», - ասել է Բուզինը։

«Ընտրողների լիգայի» հիմնադիրները հայտարարել են, թե իրենց նպատակը միայն մաքուր ընտրություններ ապահովելն է, եւ իրենք մտադիր չեն լիգան դարձնել քաղաքական կառույց։

Ռոքեր Շեւչուկն ասել է, թե անմիջապես կհեռանա, եթե տեսնի, որ կազմակերպությունը քաղաքականացվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG