Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի պնդմամբ, իր նկատմամբ ճնշում է գործադրվում


«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյան
«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյան
«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը եւ զինվորական դատախազությունը ճնշում են բանեցնում իր նկատմամբ` նպատակ ունենալով ետ պահել բանակում շարունակվող, հաճախ մահվան ելքերով միջադեպերի քննությանը անդրադառնալուց:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ առավոտյան արդեն երկրորդ անգամ իրեն կանչել էին պաշտպանության նախարարության քննչական ծառայություն` հարցաքննության:

Ժաննա Ալեքսանյանի փոխանցմամբ, հարցն առնչվում է դեռ անցած տարի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում ժամկետային ծառայող շարքային Ժորա Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

Շարքայինի հոր` Մկրտիչ Մկրտչյանի ներկայացմամբ, 2011-ի սեպտեմբերին նշված զորամասում ծառայակիցիները ստորացրել են Ժորայի արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել նրան, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին, ինչի հետեւանքով 19-ամյա զինծառայողը «սուր պսիխոզ» ախտորոշմամբ հայտնվեց Երեւանի կայազորի հոսպիտալում: Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, թե զինծառայողը նաեւ սեռական բռնության է ենթարկվել, ինչը հետագայում դատաբժշկական փորձաքննությամբ հերքվեց:

«Ես սեռական բռնության մասին որեւէ բան չեմ ասել, եւ, ընդհանրապես, իմ հրապարակման մեջ չեմ գրել տղայի անունը եւ չեմ անդրադարձել սեռական բռնության խնդրին», - պատմեց Ժաննա Ալեքսանյանը, - «Բայց օրեր անց` ինձ քննչական ծառայությունը կանչում էր, ասելով, որ ես եմ հայտնել սեռական բռնության մասին տղայի հորը»:

Իրավապաշտպանը ընդգծում է` դա «բացարձակապես» իրականությանը չի համապատասխանում եւ պնդում է, որ ինքը զինծառայողի հորը սեռական բռնության վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հայտնել: Ավելին, Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Ժորա Մկրտչյանին զորամասում սեռական բռնության ենթարկելու մասին տեղեկությունը առաջինը հրապարակել է Henaran.am կայքէջը, եւ այդ կապակցությամբ լրատվամիջոցներում տեղ գտած հետագա նյութերը ելնում են նշված հրապարակումից, սակայն չգիտես ինչու` հարցաքննության կանչում են իրեն:

«Ես կարծում եմ, որ ուղղակի ճնշում է իմ նկատմամբ` գործից հեռացնելու: Հետապնդում է այն առումով, որ չեն հարցաքննում «Հենարանին», որը իշխանամետ լրատվամիջոց է, եւ իրենց ձեռնտու չէ պարզել, թե նրանք որտեղից գիտեին այդ տեղեկությունները», - հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:

Արձագանքելով Ալեքսանյանի հայտարարությանը` Henaran.am կայքէջի գլխավոր խմբագիր Լիլիթ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, նշեց. - «Այո՛, զինվորի նկատմամբ բռնության մասին առաջինը մենք են գրել: Մենք դա չենք ժխտում, եւ նշենք նաեւ, որ Henaran.am-ի լրագրողն արդեն մի քանի կանչվել է հարցաքննության, եւ ավելին` մենք հայտարարել ենք, որ ունենք ձայնագրությունները, որոնք կներկայացնենք դատարանում միայն»:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հարցին անդրադարձավ նաեւ Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Քրեական դատավարության օրենսգրքի 86 հոդվածը հատուկ սահմանում է` ով չի կարող կանչվել որպես վկա: Լրագրողները այդ ցանկում չկան», - հայտարարեց զինդատախազը` պարզաբանելով. - «Այսինքն, լրագրողը, ինչպես նաեւ ցանկացած այլ քաղաքացի օրենսգրքով սահմանված կարգի եւ պայմաններին համապատասխան պարտավոր է ցուցմունք տալ: Օրենքը նախատեսում է երաշխիք ոչ թե վկայություն տալու, այլ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելուն ուղղված, ոչ թե ցուցմունք տալուց հրաժարվելու»:

Հիշեցնենք, որ վերջերս էլ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը հարցաքննության էր կանչել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին` օգնության համար իրեն դիմած քաղաքացու նկատմամբ սպառնալիքներ կիրառելու կասկածանքով:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ իշխանությունները փորձում են ճնշման ալիք սկսել իրավապաշտպանների նկատմամբ:

«Դա իրավապաշտպանության նկատմամբ իշխանությունների որդեգրած նոր քաղաքականության տիպիկ արտահայտումներն են, որոնց նպատակն է ճնշել իրավապաշտպանությունը, լռեցնել բողոքների ձայնը», - հայտարարեց Սաքունցը:

please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG