Մատչելիության հղումներ

Գործադուլ` ընդդեմ ինտերնետում խոսքի ազատության սահմանափակման


Հունվարի 18-ին այս տեսքն ուներ Wikipedia-ի կայքի գլխավոր էջը

Հունվարի 18-ին այս տեսքն ուներ Wikipedia-ի կայքի գլխավոր էջը

Wikipedia ինտերնետ-հանրագիտարանը այսօր վերսկսում է իր աշխատանքը մեկ օր հայտարարված գործադուլից հետո։

Նախօրեին ինտերնետային խոշոր այդ ռեսուրսը 24 ժամով փակել էր իր անգլալեզու կայքը` այդպիսով բողոքելով Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվող օրինագծի դեմ, որը նախատեսում է զգալիորեն խստացնել հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրությունն ու, ըստ Wikipedia-ի հիմնադիրների, սպառնում է խոսքի ազատությանը ինտերնետում:

Մի ամբողջ օր Wikipedia-ի կայքում սեւ ֆոն էր, որի վրա գրված էր` «Պատկերացրեք աշխարհն առանց ազատ գիտելիքի»:

Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսը ասել է, որ կայքը մեկ օրով փակում են, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն եւ հնարավորինս շատ մարդ տեղեկանա իրենց մտահոգությունների մասին:

Օրինագիծը, որ քննարկվում է Կոնգրեսում, ըստ նախագծի հեղինակների, ուղղված է ինտերնետ պիրատության դեմ:

Ջիմի Ուելսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ չնայած առաջին հայացքից թվում է, թե օրինագիծը ապօրինությունը կանխելու միտում ունի, սակայն իրականում այդ փաստաթուղթն այնքան ընդհանրական եւ վատ է գրված, որ դրա ընդունումը կհարվածի ինտերնետի ու խոսքի ազատությանը եւ կտարածվի բազմաթիվ ոլորտների վրա, որոնք պիրատության հետ կապ չունեն:

Մինչդեռ Կոնգրեսում օրինագծի նախաձեռնողներն ու կողմնակիցներն ասում են, որ այս փաստաթղթով իրենք ցանկանում են կասեցնել անազնիվ եղանակով փող աշխատող կայքերի գործունեությունը:

Ներկա ձեւակերպումներով այս օրինագիծը «Դրակոնյան օրենքներն» է հիշեցնում, նշում է նորությունների Mashable կայքի գլխավոր խմբագիր Լենս Ուլանոֆը։ Եթե հայտնաբերվի, որ ինչ-որ կայք օգտագործել է հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակություն, ապա այն առանց զգուշացնելու կարող են պարզապես անջատել: Ընդ որում, որոշումը բողոքարկել հնարավոր կլինի միայն կայքի փակվելուց հետո` մինչ այդ իրավիճակը շտկելու հնարավորություն օրինագիծը չի նախատեսում:

Խմբագիրը նշում է, որ օրինագիծը չի հստակեցնում, թե որտեղ է պարզ մեջբերման եւ պիրատության սահմանագիծը, ինչն էլ վտանգներ է ստեղծում խոսքի ազատության համար: Օրինագիծը շատ խիստ միջոցներ է առաջարկում` առանց հստակեցնելու, թե որ դեպքում դրանք պետք է կիրառվեն։

Լավ լուրը օրինագծին ընդդիմացողների համար այն է, որ Ներկայացուցիչների պալատում փաստաթուղթը ցանկանում են վերանայել:

Այս օրինագիծը պաշտպանում են երգերի ձայնագրությամբ եւ ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերությունները, սակայն Օլիվիա Սոլոնը` ինտերնետի վերաբերյալ հեղինակավոր բրիտանական պարբերականներից մեկի խմբագիրը, ասում է. - «Ձայնագրող եւ կինոարտադրող ընկերությունները օրինագիծը առաջ տանելով փորձում են կառչել հին բիզնես մոդելներից եւ պահպանել ձայնա- եւ տեսասկավառակների շուկան` չփորձելով ստեղծել այլընտրանք, որը կստիպի ինտերնետից օգտվողներին հրաժարվել պիրատական բովանդակությունից»:

Wikipedia-ի բողոքի ակցիային միացել են մի շարք այլ հայտնի կայքեր եւս:

Սպիտակ տունը շաբաթ օրը հայտարարություն էր տարածել, որով հիմնականում պաշտպանում էր օրինագծի դեմ հանդես եկողներին` նշելով, որ իրենք չեն աջակցում այն նախաձեռնություններին, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG