Մատչելիության հղումներ

Հունվարի 19-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Դիտորդների գերակշիռ մասն այն կարծիքին է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Հայ ազգային կոնգրեսը կհայտնվեն օրենսդիր մարմնում։ Եռյակի ներկայությունը հաջորդ խորհրդարանում աներկբա է համարվում. հարցն այն է, թե արդյոք այս խմբին կմիանա եւս մեկ-երկու ուժ: Վերը նշված երեք քաղաքական ուժերի դոմինանտությունը, սակայն, բարդ խնդիր է դնում Սերժ Սարգսյանի առաջ։ Խնդիրը բարդացնում է այն, որ դոմինանտների մեջ են նաեւ Կոնգրեսն ու ԲՀԿ-ն։ Սա ըստ էության նշանակում է, որ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում Սերժ Սարգսյանը չի կարողանալու ունենալ այնպիսի խորհրդարան, ինչպիսին ունի։ Մեծ հաշվով էական էլ չէ, թե որքան մանդատ կունենա ՀՀԿ-ն, որքան ԲՀԿ-ն, որքան Կոնգրեսը։ Վերջինիս հայտնվելը խորհրդարանում ըստ էության նշանակելու է նոր բեւեռի գոյություն երկրի օրենսդիր մարմնում: Սա մի երեւույթ է, որը Երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է մեկ էլ 90-ականների սկզբին»:

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանում քաղաքական կոռուպցիան խթանվում եւ լեգիտիմացվում է մեծամասնական ընտրակարգի միջոցով, երբ քաղաքական ուժերը հրապարակավ լվանում են իրենց ձեռքերը այս կամ այն օլիգարխից, բայց բոլորը վստահ են, որ այդ օլիգարխն իրականում ծառայելու է այդ քաղաքական ուժին, այսինքն` իշխող մեծամասնությանը, որի հավանությամբ էլ նա ընտրություններին անարգել կաշառք է բաժանում, ահաբեկում, պետք եղած դեպքում` բռնանում եւ դառնում պատգամավոր: Իշխանությունը` իր իրավապահ համակարգով, կարող է թե’ ընտրակաշառքը արգելել, թե’ ահաբեկողներին եւ բռնացողներին չեզոքացնել, բայց իրավապահ համակարգը դրվում է տվյալ օլիգարխի կամ թաղային հեղինակության տրամադրության տակ: Մի՞թե կարող է լինել սրանից ավելի քաղաքական կոռուպցիա: Այդ ամենի արդյունքում օլիգարխը շարունակում է կոռուպցիոն համաձայնության մեջ լինել իշխանության հետ, վճարել նրան քաղաքական տանիքի համար եւ ստանալ ոչ միայն բիզնես, այլ նաեւ քաղաքական քվոտաներ: Երբ այդ մեխանիզմը քողարկվում է մեծամասնական ընտրակարգով, այն որոշակիորեն լեգիտիմացվում է, իշխանությունը հայտարարում է, թե ինքը գործ չունի անհատի որոշման հետ»:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասում է. - «Հասարակության ավելի լայն զանգվածներին այս խնդիրը չի հետաքրքրում: Ընտրողը անգամ չի էլ փորձում հասկանալ, թե համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական բանավեճը ինչ պատճառներ ու շարժառիթներ ունի: Հարցին, թե՝ ճանաչո՞ւմ եք ձեր ընտրատարածքից ընտրված պատգամավորին, գրեթե մշտապես ստանում ենք նույն պատասխանը։ Ընտրողն իր մեծամասնական ընտրյալի հետ հետընտրական ողջ ժամանակահատվածում հանդիպումներ չի ունենում, չգիտի ոչ անունը, ոչ էլ ազգանունը: Նույնիսկ երբ հիշեցնում ենք, զարմանում են, որ հենց այդ մեկն է իրենց տարածքի պատգամավորը: Կարծում եմ, մեծամասնական ընտրակարգը չգործող ինստիտուտ է: Հետեւաբար պնդումը, թե անպայման տեղերից ընտրված պատգամավորներ պետք է լինեն, որ տարածքի հոգսերով հետաքրքրվեն, հիմնավոր ու արդարացված չէ»:

Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի վերաբերյալ «Երկիր»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Քանի՞ տեղ եք պատրաստվում պահանջել ընտրացուցակի անցողիկ մասում»: Պատասխան. - «Ախր, ինչի՞ եք հարցը էդպես դնում, մենք, ի՞նչ է, գնացել ենք հայկական հողե՞րը պահանջենք: Եթե դրանք կուսակցություններ են, որոնք միավորվել են մի գլխավոր նպատակի շուրջ, ուրեմն պահանջող չի լինի: Մենք ոչ մի բան չենք պահանջում, մենք կներկայացնենք մեր ցուցակը, մյուսները եւս, քննարկումների արդյունքում կկազմվի ընդհանուր մի ցուցակ, որի արդյունքում ինչքան ձայն շահեցինք, էնքան մարդ էլ կանցնի խորհրդարան: Հիմա ես ումի՞ց պահանջեմ էսքան տեղ, դուք ո՞նց եք պատկերացնում, որ պետք ա գնանք պահանջ դնենք, որ ՀԺԿ-ն պետք ա էսքան տե՞ղ ունենա: Դա անհեթեթություն կլինի: Պետք ա ժողովրդի ձայնը շահել, մնացածն ինքն իրեն կստացվի»:

«Առավոտ»-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի հայաստանյան այցի վերաբերյալ ասում է. - «Զարմացած եմ Պրեսկոտի ուրախության վրա: Ջոն Պրեսկոտն իր պարտականությունների մեջ թերացել է: Նա միշտ էլ այս տարիների ընթացքում հանդես է եկել ընտրությունները կեղծած իշխանությունների շահերից եւ հիմա էլ շարունակում է հավատարիմ մնալ իր գործողություններին, պրակտիկային, շարունակում է հանդես գալ նրանց պաշտպանությամբ: Ինչ վերաբերում է Պրեսկոտի արձանագրածին, թե Հայաստանում մթնոլորտը փոփոխվել է, ասեմ, որ ոչ մի մթնոլորտ էլ չի փոփոխվել, նույն կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժերն են, նույն մարտի 1-ի գործն է, որ չի բացահայտվել, նույն զոհերի ծնողներն են, որոնք դժգոհ են նախաքննության արդյունքներից, նույն ընդդիմությունն է, որ շարունակում է բողոքել կեղծված ընտրություններից, ոչինչ չի փոխվել եւ ուրախանալու ոչինչ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG