Մատչելիության հղումներ

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով բժիշկ է ձերբակալվել


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Շիրակի մարզի Սարակապ գյուղից N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 18-ին որպես կասկածյալ ձերբակալվել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մինասյանը:

Մինասյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման մեջ (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հիշեցնենք` 18-ամյա Հայկ Խաչատրյանը դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել էր, հարազատների պնդմամբ, ջրծաղիկի բարդացման հետեւանքով: Զինվորի հարազատները պնդում են, որ Հայկը հոսպիտալի բժիշկի անտարբերության ու սխալ բուժման եւ հրամանատարի անտարբերության պատճառով է մահացել:

Ավելի վաղ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանն ասել էր, թե զինվորի մոտ եղել է «ջրծաղիկի վիստերիալ, այսինքն ներքին օրգանների ախտահարող ձեւը, ջրծաղիկային էնցիֆալիտ, ծանր ինտոկսիկացիա, դիվերս սինդրոմ` հեմորագիր զարգացումներով»:

«Իսկապես, զինվորի մոտ շատ արագ` կայծակնային արագությամբ, զարգացել է ջրծաղիկի այս տարատեսակը, որը ոչ թե ջրծաղիկի բարդություն է համարվում, այլ ջրծաղիկի հիվանդության այլ տեղակայում: Այն կարող է ախտահարել որովայնի բոլոր օրգանները, կրծքավանդակի օրգանները եւ կենտրոնական նյարդային համակարգը, ինչպիսին գլխուղեղն է, որի նշաններն այդ զինվորի մոտ եղել են»,- ասել էր Փարսադանյանը։

Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG