Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը աշխատում է լրացուցիչ հարկերը հավաքելու ուղղությամբ


Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյան

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյան

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարում է, որ ՊԵԿ-ը աշխատանքները է տանում 2012 թվականի բյուջեով նախատեսված լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերը հավաքագրելու ուղդությամբ: ՊԵԿ-ը այս օրերին հանդիպումներ է անցկացնում հանրապետության հարկ վճարողների հետ:

«Հանդիպումներին հրավիրում ենք առաջին հերթին խոշոր հարկ վճարողներին, ավելացված արժեքի հարկ վճարողներին, տվյալ տարածքային հարկային տեսչության այն հարկ վճարողներին, որոնց վրա է, ըստ էության, բյուջեի եկամուտները ապահովելու հարկային հիմնական բեռը եւ պատասխանատվությունը: Մեր տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների հիման վրա մենք հանել ենք այն հարկ վճարողներին, որոնց հաշվին ընդհանուր առմամբ կատարվում է պետական բյուջեի հիմնական մասը», - չորեքշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպմանը ասաց Ալավերդյանը:

Ըստ Արմեն Ալավերդյանի` պետական բյուջեի եկամուտների մասով 3-4 հազար հարկ վճարողներ վճռական դերակատարում ունեն:

«Դրանք ավելացված արժեքի հարկ վճարողների այն մասն են, որոնց շրջանառությունը գերազանցում է 100 միլիոն դրամը եւ նրանք ապահովում են պետական բյուջեի եկամուտների շուրջ 80 տոկոսը: Ելնելով այն կանխատեսումից, որ 2012 թվականին այդ համամասնությունը կպահպանվի, ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվին մենք կապահովենք եկամուտների գերակշիռ մասը, իսկ այդ 80 տոկոսի մեջ Հայաստանի այն խոշոր հարկ վճարողները, ովքեր 2011 թվականի արդյունքներով ապահովել են պետական բյուջեի եկամուտների 60 տոկոսը, իրենք մեր կանխատեսումներով առնվազն ոչ պակաս այդ 60 տոկոսից եկամուտներ պետք է ապահովեն», - ասաց ՊԵԿ-ի փոխնախագահը:

Ըստ Ալավերդյանի` փոքր եւ միջին բիզնեսը եւս կներգրավվի այդ գործում, սակայն նրանց չափաբաժինը կախված կլինի շրջանառությունների ծավալից:

«Ակնհայտ է, որ փոքր եւ միջին բիզնեսը, որը գտնվում է արտոնյալ դաշտում, մինչեւ 58.35 միլիոն դրամի շրջանառության պայմաններում, չեն վճարում ավելացված արժեքի հարկ, բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ միջինում մեկ այդպիսի ձեռնարկությունը Հայաստանում հարկային մարմինների ներկայացում է շատ ցածր շրջանառություն` տարեկան 15-20 միլիոնի շրջանակներում: Այսինքն դա մոտ չի հասնում անգամ 58 միլիոնի կեսին, հետեւաբար մենք որոշակի ռիսկերի տեսնում ենք այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք ակնհայտորեն իրենց շրջանառությունները մեզ չեն ուզում հայտարարել, որոնք բացառապես կանխիկ գործարքներով են աշխատում, որոնք անպայման միջին կամ խոշոր բիզնեսի փոխկապակցված սուբյեկտներ են», - ասաց Ալավերդյանը:

Այդուհանդերձ, ստուգումներով ու վերահսկողական այլ գործիքներով ՊԵԿ-ը խոստանում է փոքր ու միջին բիզնեսին չանհանգստացնել. - «Տասնյակ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներից մենք կառանձնացնենք այն տնտեսվարող սուբյեկտներին, ում մոտ իրականում մենք այդ ռիսկը կտեսնենք»:

Ինչ վերաբերում է ստուգումներին ընդհանրապես, ապա ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկում ներառված է 2380 կազմակերպություն: Ստուգումներ կիրականացվեն բացառապես այս կազմակերպություններում:

«Ընտրանքը կատարել է համակարգչային ծրագիրը` բալային համակարգի հիման վրա: Ամեն մի ցուցանիշը իր տեսակարար կշիռը ունի եւ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք շատ բալեր են հավաքել, այսինքն ռիսկերը համեմատաբար ավելի բարձր տեսակարար կշիռ ունեն, նրանք հայտնվել են այդ 2380-ի մեջ», - ասաց Ալավերդյանը` հավելելով, որ ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են լինելու այն տնտեսվարողները, ովքեր ունեն չհայտարարագրված կամ թաքնված շրջանառություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG