Մատչելիության հղումներ

Գործազրկությունը նվազել է 1 տոկոսով


Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:

Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:

«Զբաղվածության պետական գործակալություն» ծառայությունը տարեվերջին գրանցել է 6 տոկոս գործազրկություն` տարեսկզբի 7-ի փոխարեն:

Գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, այսօր ամփոփելով անցած տարվա արդյունքները, նշեց, որ գործակալությունը 2011-ին կատարել է իր առջեւ դրված խնդիրները: Անցած տարի իրականացվել է երկու նոր ծրագիր՝ ուղղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցմանը եւ մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդների արտադրական պրակտիկայի կազմակերպմանը:

Սիմոնյանը նաեւ նշեց, որ անցած տարի կատարած իրենց ուսումնասիրությունները ցույց է տվել, որ պահանջվում են աշխատողներ գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության եւ մի շարք այլ ոլորտներում:

Տարեվերջին հանրապետությունում գրանցվել է 1405 թափուր աշխատատեղ: Սիմոնյանը նշեց, որ աշխատողների պահանջարկը տարբեր է մարզերում եւ Երեւանում. եթե մայրաքաղաքում պահանջվում են սպասարկման ոլորտի աշխատակիցներ՝ խոհարարներ, մենեջերներ, դաստիարակներ, ավտովերանորոգողներ եւ այլն, ապա մարզերում՝ բուժաշխատողների եւ ուսուցիչների մեծ պահանջարկ կա.

«Օրինակ, մարզերում ունենք 160 թափուր բժշկի աշխատատեղ: Այսինքն` այդ տարածքի բնակչությունը չի կարողանում ստանալ կամ թերի է ստանում համապատասխան բժշկական ծառայություններ: Այդ պատճառով ունենք մի ծրագիր, որով փոխհատուցում ենք Երեւանից մարզեր աշխատելու գնացող բժիշկների որոշ ծախսերը», - ասաց Արտակ Սիմոնյանը:

Այս ծրագիրը գործում է 2006 թվականից: Դրա շրջանակներում մարզերում աշխատանքի է անցել 15 բժիշկ, որը, Սիմոնյանը համաձայնեց, դեռեւս շատ փոքր թիվ է:

2012 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմակերպությունում գրանցված գործազուրկների թիվը կազմում է 81.733 մարդ: Գործազրկության թիվը առավել բարձր է կանանց եւ երիտասարդների շրջանում՝ 49.200 կին եւ 14.9000 երիտասարդ:

Ըստ Սիմոնյանի, կանանց շրջանում գործազրկության բարձր ցուցանիշը կապված է այն հանգամանքի հետ, որ առաջարկվող աշխատատեղերը մեծամասամբ տղամարդկանց համար են:


XS
SM
MD
LG