Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով դատավարությունը «դեռ ավարտված չէ»


Հրանտ Դինքի սպանության գործը դեռ ավարտված չէ, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլա Էրգինը այսօր` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետի սպանության գործով վիճահարույց դատավճռի հրապարակումից մեկ օր անց։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Էրգինը ասել է, թե դեռ առջեւում է դատավճռի գանգատարկման փուլը։ «Ես կարող եմ մեկնաբանություններով հանդես գալ միայն դատական գործընթացի ավարտից հետո», - նշել է Թուրքիայի արդարադատության նախարարը։

Փոխվարչապետ Բյուլենթ Առընջը, իր հերթին, հայտարարել է, թե ինքը այն մարդկանց կողմից է, «ում խիղճը անհանգիստ եւ չբավարված է մնում» դատավճռի հետ կապված։

«Տեսանք, որ դատավճիռը չբավարարեց մարդկանց խիղճը ... սակայն դրան արձագանքելու եղանակը գոռալը եւ աղաղակելը, կառավարությանը փնովելը եւ պետությանը մեղադրելը չէ», - հայտարարել է Առընջը TV8 հեռուստաընկերության հարցազրույցում` նույնպես վստահեցնելով, թե դատավարությունը ավարտված չէ, եւ դատախազը կարող է բողոքարկել դատավճիռը։

Դինքի սպանության գործով Ստամբուլի քրեական դատարանի վճիռը, որով ամբաստանյալներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ, իսկ Օգյուն Սամասթին սպանության դրդած Էրհան Թունջելը` 10.5 տարվա ազատազրկման, արժանացավ «Ակոս»-ի խմբագրի ընտանիքի ու գործընկերների խիստ քննադատությանը: Դատարանի շենքի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ դատավճռի հրապարակումից հետո իրենց վրդովմունքն էին արտահայտում` պնդելով, որ դատարանը արեց ամեն ինչ` արագորեն վճիռ կայացնելու եւ սպանության իրական կազմակերպիչներին պարտակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG