Մատչելիության հղումներ

ՀՖՖ նախագահ. «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է»


Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչպե՞ս է լուծվել «Հրազդան» մարզադաշտի խնդիրը, գրել է. - «Ես կարծում եմ, որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»:

«Հրազդան հոլդինգի» տնօրեն Արմեն Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Ռուբեն Հայրապետյանը եւ մարզադաշտի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հանդիպել եւ համաձայնության են եկել մարզադաշտի հարեւանությամբ կառուցվելիք առեւտրի կենտրոնի հարցում:

«Շատ կարեւոր է, որ հանդիպում է եղել երկու սկզբունքային անձանց` պարոն Հայրապետյանի եւ պարոն Աղաբաբյանի միջեւ: Շատ կոնստրուկտիվ հանդիպում է եղել, քննարկել ենք մի շարք պրոբլեմներ, կիսել ենք պարոն Հայրապետյանի մտահոգությունները, իր տեսակետն էր` միայն ֆուտբոլի համար, հանուն ֆուտբոլի: Բնականաբար, կար նաեւ մարզադաշտի շահը, մենք քննարկեցինք այդ պրոբլեմները: Սա երկարաժամկետ ծրագիր է, կիրականացվի տարիների ընթացքում, քննարկել ենք խոտածածկի, լուսավորության, վիդեոլուսատախտակի խնդիրները եւ մեծ ու փոքր այլ խնդիրներ», - ասաց Գեւորգյանը:

Մարզադաշտի արդիականացման եւ ՖԻՖԱ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ծրագիրը, ըստ Արմեն Գեւորգյանի, կիրականացվի Ֆուտբոլի ֆեդերացիայի եւ մարզադաշտի ղեկավարության համատեղ ֆինանսական միջոցներով: Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 15-20 միլիոն դոլար է անհրաժեշտ դրա համար: Նա ասել էր, որ այժմյան վիճակով «Հրազդան» մարզադաշտում որեւէ միջազգային խաղ անհնար է անցկացնել, քանի որ խոտածածկն է անորակ, մարզադաշտի լույսերը չեն համապատասխանում չափանիշներին: Սակայն հակասության հիմնական առարկան էր դարձել մարզադաշտի հարեւանությամբ կառուցվելիք առեւտրի կենտրոնը: Ռուբեն Հայրապետյանն անգամ ասել էր, թե էքսկավատորի տակ կպառկի, միայն թե չկառուցվի այդ կենտրոնը:

«Հրազդան հոլիդինգի» տնօրենը փոխանցեց, որ Աշոտ Աղաբաբյանը հետ չի կանգնել տոնավաճառը առեւտրի կենտրոնով փոխարինելու ծրագրից, քանի որ այն արդեն հին է եւ հարիր չէ քաղաքի տեսքին, բայց քննարկվում է նոր կենտրոնի կառուցման վայրի հարցը, որպեսզի մարզադաշտից մարդկանց տարհանումը չվտանգվի:

«Ի սկզբանե մեր դիրքորոշումն էր ամեն ինչ անել օրինականության սահմաններում, մենք հիմա էլ այդ կարծիքին ենք: Կան տարբեր տարբերակներ, իմ կարծիքով, կգտնվի այն ոսկե միջինը, որը թույլ կտա այս տարածքում [ես կոնկրետ տեղը չեմ կարող ասել, որովհետեւ դա ճարտարապետական խորհրդի խնդիրն է], թույլտվության դեպքում կառուցել այդ առեւտրի կենտրոնը: Էվակուացիայի հետ կապված տեղը, դիրքը, ձեւը, այդ բոլորը բարի կամքի, ցանկության դեպքում լուծվող խնդիր է: Կլինի քաղաքապետի որոշումը, կլինի շինարարության թույլտվությունը, ուրեմն մենք կկառուցենք», - ասաց Գեւորգյանը:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առեւտրի կենտրոնի կառուցման համար քննարկվում է այլ վայրի տարբերակ: Մոտ մեկ ամիս առաջ Աշոտ Աղաբաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել էր, որ մտադրություն ունի մաքրել տոնավաճառի տարածքը, բարեկարգել հարակից Բրազիլիայի հրապարակը, շատրվաններ, ինչպես նաեւ մեծ ոսկեզօծ խաչ տեղադրել, քանի որ հարեւանությամբ Ծիծեռնակաբերդն է: Իսկ առեւտրի կենտրոնը, ըստ Աղաբաբյանի, կլինի եռահարկ` երկու հարկերը քանդվելիք տոնավաճառի աշխատողների համար, իսկ վերջին հարկում կլինեն գրասենյակներ: «Հրազդան հոլդինգի» տնօրեն Արմեն Գեւորգյանն ասում էր, որ տոնավաճառը մարզադաշտի ծախսերը հոգալու միակ ճանապարհն է, եւ նոր կառույցը նաեւ սոցիալական խնդիր է լուծելու. հարյուրավոր առեւտրականներ տեղավորվելու են ավելի հարմարավետ շենքում:

«Ֆեդերացիայի նախագահը առեւտրի կենտրոնի [հետ] խնդիր չունի: Ֆեդերացիայի նախագահի խնդիրն է մարզադաշտը: Երբ ֆուտբոլային եվրոպական կառույցներից հանձնաժողով է գալիս, նրա խնդիրն է, որ իրենք այս մարզադաշտը բոլոր ենթակառույցներով: Մենք առեւտրի կենտրոնի մասին երեւի մեկ րոպե ենք խոսել, հիմնական խոսակցությունը եղել է մարզադաշտի պրոբլեմների մասին, մենք ինֆորմացիա ենք ստացել, տեսակետներ ենք փոխանակել», - ասաց Գեւորգյանը:

Վերջին վերանորոգումից հետո մարզադաշտը շուրջ 54 հազար հանդիսատես է տեղավորում` 20 հազարով պակաս, քան նախկինում: Ռուբեն Հայրապետյանը բազմիցս վստահություն է հայտնել, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաղթանակ է տանելու առաջին երկու մրցակիցների` Մալթայի եւ Բուլղարիայի հավաքականների նկատմամբ, եւ արդեն հոկտեմբերին Երեւանում կայանալիք Իտալիայի հետ հանդիպմանը Հրազդան մարզադաշտը լեփ լեցուն կլինի: Ի դեպ, այսօր հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը տարին սկսեց 45-րդ տեղից` մեկ աստիճանով բարձրանալով նախորդ ամսվա ցուցանիշից:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG