Մատչելիության հղումներ

ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի աջակցությամբ կուժեղացվի օմբուդսմենի գրասենյակը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվային լուսանկար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվային լուսանկար

Եվրամիությունը եւ ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել Հայաստանում ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը նպաստելու նպատակով իրականացնել համատեղ ծրագիր:

1.7 միլիոն եվրո արժողությամբ այդ ծրագրով, որի ֆինանսավորումը ստանձնում է Եվրամիությունը, իսկ իրականացումը` ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը, նախատեսվում է ամրապնդել քաղաքացիական հասարակության հմտությունները, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները, կատարելագործել ընտրությունների անցկացման տեխնիկական եւ մասնագիտական ունակությունները ինչպես ընտրական հանձնաժողովներում, այնպես էլ ոստիկանների շրջանում: Առաջնահերթ է համարվում հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի կատարելագործումը։

Թե 1.7 միլիոն եվրո դրամաշնորհից որքանն է ուղղվելու հենց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` գրասենյակի միջազգային համագործակցության եւ ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Սիրանուշ Հարությունյանի փոխանցմամբ, առայժմ հստակ չէ։

Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ծրագիրը կունենա երկու ուղղություն։ Առաջինով` վեց մարզերում կստեղծվեն Պաշտպանի գրասենյակի ներկայացուցչություններ։ Ծրագրի երկրորդ մասով` խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ օմբուդսմենի գրասենյակում կսկսի գործել արագ արձագանքման խումբ` հատուկ ընտրախախտումները արձանագրելու համար։

«Մարդու իրավունքների պաշտպանը ունենալու է արագ արձագանքման խումբ, համապատասխանաբար, որոնք ընտրություններից մեկ ամիս առաջ, ընտրություններին եւ ընտրություններից մեկ ամիս հետո մոնիթորինգ են իրականացնելու, պատասխանելու են ընտրություններին վերաբերող բողոքներին քաղաքացիներից եւ արագ արձագանքման ծառայություններ են մատուցելու», - ասաց Հարությունյանը` շարունակելով. - «Ինչպես դուք գիտեք, մեր գրասենյակում գործում է 116 անվճար հեռախոսահամարը, որին զանգելու դեպքում մեր արագ արձագանքման խումբը մեկնում է եւ տեղում, եթե որեւէ խախտում է լինում, նախ ֆիքսում է խախտումը, հետո փորձում է արձագանքել, լուծել, եթե դա մտնում է մեր մանդատի մեջ»։

Հարցին, թե ինչին է օժանդակելու դրամաշնորհը, եթե արդեն գործում է Պաշտպանի արագ արձագանքման խումբը, Սիրանուշ Հարությունյանը պատասխանեց, որ հատուկ ընտրությունների համար մեծացվելու են Պաշտպանի գրասենյակի ռեսուրսները. - «Դրամաշնորհով մենք ունենալու ենք ավելի շատ մարդկային ռեսուրսներ, ինչպես նաեւ տեխնիկական զննումն է ավելի շատ լինելու։ Մենք ունենալու ենք Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը, դրան միանալու են մոտավորապես 20 փորձագետներ, որոնք մոնիթորինգն են իրականացնելու, պատասխանելու են քաղաքացիների կողմից ընտրություններին վերաբերող ցանկացած խնդիրների։ Նույնը լինելու նաեւ մարզերում` մարզերում արդեն գործելու է Մարդու իրավունքների պաշտպանի մարզային ներկայացուցչություններում աշխատող անձնակազմը»։

Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները, սակայն, սեփական նախաձեռնությամբ ընտրատեղամասեր չեն այցելի, միայն ընտրախախտումների մասին ահազանգի դեպքում տեղում կուսումնասիրեն իրավիճակը։

«Տեղամասեր հենց փաստացի միգուցե այցելություններ չլինեն, բայց հիմնականում լինելու է այսպես` եթե որեւէ քաղաքացի զանգահարում է ու հայտնում է, որ այս-այս պայմաններում իրավունքները խախտվում են, կամ ինքը, ենթադրենք, ենթարկվում է բռնությունների, կամ այլ ինչ-որ խախտումներ, այդ դեպքում արագ արձագանքման խումբը անմիջապես հասնում է, եւ եթե մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում` փորձում է աջակցել տվյալ քաղաքացուն», - մանրամասնեց Սիրանուշ Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG