Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով դատավճիռը` քննադատության թիրախ


Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս գործը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.
Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս գործը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.
Հրանտ Դինքի սպանության գործով երեքշաբթի երեկոյան Ստամբուլի քրեական դատարանում կայացված վճիռը, ինչպես եւ ակնկալվում էր, արժանացավ «Ակոս»-ի խմբագրի ընտանիքի ու գործընկերների խիստ քննադատությանը:

Դատարանի շենքի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ դատավճռի հրապարակումից հետո չէին թաքցնում իրենց վրդովմունքը: «Ֆաշիստները սպանում են, Էրդողանի կուսակցությունը` պարտակում», - վանկարկում էին ցուցարարները:

Փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, որ 2007 թվականից ի վեր դատարանում ներկայացնում էր Դինքի ընտանիքի շահերը եւ մասնակցել է այս գործով կայացած բոլոր 25 լսումներին, վճռի հրապարակումից հետո հազիվ էր զսպում արցունքները։ «Հինգ տարի շարունակ նրանք մեզ պարզապես ծաղրում էին: Ով կիմանար, որ գլխավոր կատակը նրանք թողել են ամենավերջում», - դառնությամբ նշում էր Չեթինը:

«Մենք սա չէ, որ ակնկալում էինք: Այս դատավճիռը վկայում է, որ մեր երկրում խոր արմատներ գցած մի ավանդույթ կա, որ հնարավոր չէ վերացնել: Այդ երեւույթի անունն է քաղաքական սպանությունների պետական ավանդույթ», - հայտարարեց Չեթինը:

Դինքի բարեկամները նշում են, որ դատարանը, հապճեպ մեղադրական դատավճիռներ կայացնելով եւ ցմահ բանտարկության կամ երկարատեւ ազատազրկման դատապարտելով առանցքային մեղադրյալներին, կարծես փորձում էր անել հնարավորը, որպեսզի չբացաhայտվեն այս հանցագործության իրական կազմակերպիչները:

Դատարանը նաեւ անտեսեց լսումների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ նոր մանրամասները: Օրինակ, քննության ընթացում պարզվել էր, որ երեկ 10 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Էրհան Թունջելը ոստիկանության գաղտնի գործակալ էր: Այս փաստն անգամ դատարանին չստիպեց առանձին քննություն անցկացնել մարդասպանների եւ իրավապահների կապերը բացահայտելու ուղղությամբ:

«Ոմանք իրենց շատ վատ են զգում, երբ պետությանը սեփական քաղաքացիների մարդասպան են անվանում: Այդ նույն մարդիկ, սակայն, ոչինչ չարեցին պետության բացասական իմիջը վերացնելու համար: Նրանք ունեին այդ հնարավորությունը, սակայն ձեռքից բաց թողեցին», - հայտարարեց Ֆեթհիյե Չեթինը:

Դինքի ընտանիքի փաստաբանը նաեւ նշում է, որ պատրաստվում է բողոքարկել երեկ կայացված դատավճիռը:

Իսկ հունվարի 19-ին` Դինքի սպանության հինգերորդ տարելիցի օրը, նրա ընտանիքի անդամներն ու հազարավոր համախոհներ բողոքի ակցիա կկազմակերպեն Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG