Մատչելիության հղումներ

«Թուրքիան ղեկավարվում է մահմեդական ահաբեկիչների կողմից»


Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի հավակնորդ Ռիք Փերի, Միրթլ Բիչ, Հարավային Քարոլինա, 16-ը հունվարի, 2012թ.
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի հավակնորդ Ռիք Փերի, Միրթլ Բիչ, Հարավային Քարոլինա, 16-ը հունվարի, 2012թ.

Թեքսասի հանրապետական նահանգապետ Ռիք Փերին, ով անցած տարվա օգոստոսին է հայտնել 2012 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, այս օրերին հանրապետական այլ մրցակիցների` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ուիլարդ Միթ Ռոմնիի, Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի, Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիք Սանթորումի եւ Թեքսասից կոնգրեսական Ռոն Փոլի հետ մասնակցում է նախընտրական բանավեճերին։

Շաբաթասկզբին հանրապետականների հերթական հավաքը տեղի է ունեցել Հարավային Քարոլինա նահանգում։ Այնտեղ Ռիք Փերին, ով այս պահին առաջատար թեկնածու չի համարվում, հանդես է եկել թուրք պաշտոնյաների համար շատ տհաճ հայտարարություններով։

Մեկնաբանելով միջազգային քաղաքականության հարցեր` նա Թուրքիան համեմատել է ահաբեկչական պետության հետ։

«Ակնհայտ է, որ երբ մի երկիր ղեկավարում են մարդիկ, որոնք շատերի ընկալմամբ մահմեդական ահաբեկիչներ են, երբ տեսնում ես, թե ինչ են նրանք անում իրենց քաղաքացիների հետ, արդարացիորեն կարող ես հարց տալ` իսկ արդյո՞ք այդ երկրի տեղը ՆԱՏՕ-ում է։ Ավելին, երբ Միացյալ Նահանգները քննարկում է արտասահմանին օգնություն տրամադրելու հարցը, տվյալ երկրին հասանելիք օգնությունը պետք է զրոյի հասցվի», - ասել է Փերին։

Նրա վկայությամբ` այսօրվա Թուրքիան շատ է տարբերվում այն Թուրքիայից, որտեղ ինքը 70-ականներին ծառայել է որպես ամերիկացի ռազմական օդաչու. - «Այն ժամանակ Թուրքիան իսկապես դաշնակից էր եւ մեր երկրի հետ էր համագործակցում, սակայն այսօր այդպես չէ»։

Փերիի խոսքերով` Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի վարած արտաքին քաղաքականությունը դաշնակիցներին մտահոգություն է պատճառում եւ հզորացնում է թշնամիներին։

«Մեզ պետք է այնպիսի նախագահ, ով բացահայտ ազդանշան կտա մեր դաշնակից եւ բարեկամ Իսրայելին առ այն, որ Ամերիկայի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություն չկա։ Եվ մենք պետք է հզոր ուղերձ հղենք Իրանին, Սիրիային եւ Թուրքիային այն մասին, որ մենք լրջորեն ենք տրամադրված, եւ մեզ հետ պետք է հաշվի նստել», - հայտարարել է հանրապետական Ռիք Փերին։

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով` այսօրվա դրությամբ հանրապետականների հավանական թեկնածուների շարքում առաջատարը Միթ Ռոմնին է։

Եթե Ռոմնին շահի առաջիկա շաբաթ օրը Հարավային Քարոլինայում անցկացվելիք «փրայմերիզը»` նախնական քվեարկությունը, ապա, ամենայն հավանականությամբ, հենց ինքը կդառնա հանրապետական թեկնածուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG