Մատչելիության հղումներ

Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ի մասնակիցների վերջնական ցուցակում է: Այսօր մրցույթի պաշտոնական կայքէջը (eurovision.tv) հրապարակել է այն 43 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն մայիսին կայանալիք երգի 57-րդ մրցույթին:

«Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի մասնակցության լուրը, չշտապեց միանշանակորեն հաստատել, որ Հայաստանը մասնակից կունենա Ադրբեջանում կայանալիք մրցույթում:

«Կարող եմ հաստատել, որ մենք հայտ ենք ներկայացրել ինչպես ամեն տարի, այս տարի եւս, եւ սա պարզապես սովորական գործընթաց է, որը ամեն տարի արվում է, եւ մենք դա արել ենք: Մնացած բոլոր կարեւոր հարցերի եւ բաղկացուցիչ մասերի մասին մենք կմեկնաբանենք եւ խոսենք ավելի ուշ: Ցուցակը, որը հրապարակվել է, մեր` հայտը ներկայացնելու արդյունքն է», - ասաց Գասպարյանը:

2011-ին «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի ներկայացուցիչների հաղթանակից հետո Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չէր բացահայտում, թե ի վերջո Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի Բաքվում կայանալիք մրցույթին, թե` ոչ: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմին չեն բավարարում Ադրբեջանի խոստացած անվտանգության երաշխիքները, եւ իրենք երաշխիքների համար դիմել են Եվրոպական հեռարձակողների միությունը: Մինչդեռ «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը անվտանգության տեսանկյունից ունենալու է նույն պայմանները, ինչ մասնակից մյուս երկրները: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ երաշխիքները չստանալու դեպքում հնարավո՞ր է պատվիրակությունը հրաժարվի մրցույթին մասնակցելուց, Գոհար Գասպարյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող հիմա մեկնաբանություն տալ, որովհետեւ իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»:

2007 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած եւ ութերորդ տեղը զբաղեցրած երգիչ Հայկոն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ճիշտ կլիներ, որ Հայաստանը բոյկոտեր եւ չմասնակցեր մրցույթին` հաշվի առնելով այն, որ «ադրբեջանական մամուլը ամեն օր վարկաբեկում է հայերին»:

«Իմ կարծիքով` այստեղ հերոսություն չկա, Եթե լինեն անվտանգության երաշխիքներ երկու կողմից էլ, ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպական հեռարձակողների միության կողմից, կարելի է մտածել եւ գնալ, եւ, իհարկե, ուղարկել որակով երգչի», - ասել էր Հայկոն:

Եվրոպական հեռարձակողների միությունը այսօր տարածած հաղորդագրությունում նշում է նաեւ, որ մի քանի օրից` հունվարի 25-ին, Բաքվում տեղի կունենա վիճակահանությունը, որի ընթացքում կորոշվի, թե երկու կիսաեզրափակիչներից որ մեկում որ երկրի մասնակիցը ելույթ կունենա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG