Մատչելիության հղումներ

Իրանա-ադրբեջանական վիրտուալ պատերա՞զմ


World -- Cyber war, cyberattacks - generic photo
World -- Cyber war, cyberattacks - generic photo

Երկու «կիբերբանակների» գրոհների հետեւանքով Ադրբեջանում, Իրանում եւ Իսրայելում բազմաթիվ կայքէջեր ժամեր շարունակ անհասանելի են եղել։

Ադրբեջանական մի շարք պետական հիմնարկների եւ քաղաքական կառույցների ինտերնետային կայքէջերը երեկ ենթարկվել են գրոհների։

Դրանց թվում էին նախագահ Իլհամ Ալիեւի prezident.az կայքը, Կապի, Ներքին գործերի եւ Կրթության նախարարությունների, Սահմանադրական դատարանի, Մաքսային ծառայության, Բաքվի քաղաքապետարանի, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության, ինչպես նաեւ իշխանամետ լրատվամիջոցների էջերը։

Այդ կայքէջեր մուտք գործող այցելուները տեսել են ծանուցում, ըստ որի գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Ադրբեջանական կիբերբանակ» անունով խմբավորումը, որը գրություն է տեղադրել, թե «Ադրբեջանի կառավարությունը ծառայում է հրեաներին»։

Նույն օրը կիբերհարձակումների են ենթարկվել մի շարք կայքեր Իսրայելում, մասնավորապես, անհասանելի են եղել El Al ավիաընկերության եւ Թել Ավիվի բորսայի էջերը։

Ադրբեջանի կապի նախարար Մուշֆիք Ամիրովը` չմանրամասնելով եւ որեւէ պետության անուն չտալով, ասել է, թե վիրտուալ գրոհը «իրականացվել է աշխարհագրական տարբեր վայրերից»։

Որոշ ժամանակ անց ադրբեջանական կայքերի աշխատանքը վերականգնվել է։

«Սա չի կարելի որակել իբրեւ լայնածավալ կիբերհարձակում։ Նրանք կարողացել են հասնել սերվերներին, փոխել ցուցիչները, սակայն տեղեկատվական բազաներին վնաս չեն հասցրել։ Դա վկայում է այդ կայքերի թուլության մասին»,- ասել է ադրբեջանցի մասնագետ Ռաշադ Ալիեւը եւ ավելացրել.- «Եթե հնարավոր էր քարով դուռը ջարդել եւ ներս մտնել, ուրեմն ավելի հզոր հարձակումն էլ է հնարավոր»։

Իսկ այսօր մի խմբավորում, որը ներկայացել է իբրեւ «Իսկական ադրբեջանական կիբերբանակ», հարձակումների է ենթարկել իրանական կայքերը։ Ակնհայտ է, որ դա արվել է ի պատասխան երեկվա գրոհի։

Ադրբեջանի Ինտերնետ-Ֆորումի նախագահ Օսման Գունդուզն ասել է, որ «երեկվա գրոհը կիբերպատերազմ է» եւ իշխանություններից պահանջել է ամենայն լրջությամբ քննարկել ադրբեջանական կայքերի անվտանգության հարցը։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` ելույթ ունենալով Վաշինգթոնում, Իրանին մեղադրել է Հայաստանի հետ սերտորեն համագործակցելու համար եւ ասել, թե Իրանը Հայաստանի հետ ունի ավելի շատ համաձայնագրեր, քան Ադրբեջանի հետ։

Նա պնդել է, թե «Իրանը Հայաստանին աջակցում է Ադրբեջանի տարածքը` Լեռնային Ղարաբաղը գրավելու հարցում»։

Անմիջապես երեկվա գրոհից հետո Բաքվում ոմանք պնդել են, թե այն հայերն են իրականացրել։ Սակայն ավելի ուշ հենց ադրբեջանցի մասնագետներն են կարծիք հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, կիբերհարձակումն իրականացվել է Իրանից։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով հայաստանցի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անհավանական է համարել ադրբեջանական կայքերի վրա հայ հաքերների գրոհի վարկածը։

«Դա հայկական հաքերային ոճ չէ։ Ինչ վերաբերում է հայաստանյան համացանցի պետական հատվածի անվտանգությանն, ապա երկուեւկես տարի առաջ հայկական հիմնական պետական կայքերը տեղափոխված են հատուկ տիրույթ, որը վերահսկում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Այս ընթացքում մեր կայքերի վրա ոչ մի հաջողված հաքերային հարձակում չի եղել։ Կարող ենք փաստել, որ առ այսօր այդ պաշտպանությունն իր վստահելիությունը ցույց է տվել», - ասել է Սամվել Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG