Մատչելիության հղումներ

Սիրո խոստովանություն սերենադի միջոցով` կնոջը, ամուսնուն, հարսին կամ զոքանչին


Սերենադը շատ տարածված էր միջնադարում եւ վերածննդի դարաշրջանում, բայց սիրելիի համար սերենադ երգող տղամարդկանց կարելի է հանդիպել նաեւ մերօրյա Հայաստանում:

Գեւորգը, փորձելով առանձնահատուկ եւ հիշարժան դարձնել իր նշանադրության արարողությունը, որոշեց սերենադ նվիրել իր սիրելիին՝ Մագային:

Երիտասարդներն ասում են, որ սերենադը օգնեց խուսափելու արդեն ընդունված, սովորական ու ինչ-որ տեղ ձանձրալի դարձած հայկական նշան դնելու արարողությունից:

Բայց եթե հնում սերենադները մեծամասամբ կատարում էին հենց սիրահարված տղամարդիկ, իր նշանադրության օրը Գեւորգը խնդրել էր Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողներից ու շրջանավարտներից կազմված «Գիտությամբ կչալե» կազմակերպության անդամններին իրականացնել իր ցանկությունը:

Կազմակերպության հիմնադիր Տարոնը նշեց, որ սկսել են գործել երկու պատճառով: Առաջինը ցանկությունն էր հիմնել այնպիսի կազմակերպություն, որը հնարավորություն կտար Կոնսերվատորիայի երաժիշտներին, հնչեցնելով դասական երաժշտությունը նաեւ մշակութային օջախներից դուրս՝ գումար վաստակելու: Երկրորդ պատճառն այն էր, որ Տարոնը սիրահարված էր եւ ցանկանում էր գրավել սիրած աղջկա ուշադրությունը:

Այժմ արդեն ցանկացողների համար սերենադներ են կատարում 2008 թվականից, եռյակներով, քառյակներով, կարող են կատարել նաեւ նվագախմբով, բայց նման դեպք դեռ չի գրանցվել:

Տարոնը նշեց, որ եթե տարեկան մեկ պատվեր էլ ունենան, հաճույքով աշխատում են, իսկ սկզբնական շրջանում բավականին շատ նվագել են նաեւ անվճար: Պատվիրատուներն էլ միայն տղամարդիկ չեն. - «Ունենք դեպքեր, երբ կինը ամուսնու համար է պատվիրում, թոռները՝ իրենց տատիկի ու պապիկի ոսկե հարսանիքի համար, սկեսուրը հարսի եւ մեկ դեպք ենք ունեցել, երբ փեսան սերենադ է պատվիրել զոքանչի համար»:


XS
SM
MD
LG