Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը եւ մարտի 1-ի զոհերի հարազատները եւս դժգոհ են Պրեսկոտից


ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտ

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի կեցվածքը Հայաստանում ստեղծված իրավիճակին «ոչ ադեկվատ» է համարում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ընդդիմադիրները իրենց այս տեսակետը երկուշաբթի երեկոյան կայացած հանդիպման ընթացքում փոխանցել են նաեւ Ջոն Պրեսկոտին:

«Նրանք գալիս են եւ փորձում են ուղղակի ֆորմալ ստուգել, թե ինչ է արված մեկ կամ երկու ոչ էական բարեփոխումների ուղղությամբ: Բացարձակապես որեւէ կապ չունի իրական դեմոկրատական գործընթացների հետ», - ասաց Զուրաբյանը:

ԵԽԽՎ-ում ընդունված վերջին բանաձեւը նաեւ իրական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչ էր արել: Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` կա քաղաքական կամք, բարեփոխված Ընտրական օրենսգիրք, էլեկտրոնային լրատվամիջոցներում ապահովված է բազմակարծությունը, Ազատության հրապարակը վերածվել է քաղաքական բազմակարծության ամբիոնի, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ձեւավորվել է հանդուրժողականության մթնոլորտ:

Լեւոն Զուրաբյանը իշխանությունների այս պնդումը «իրականությանը չհամապատասխանող» է որակում:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ստեղծված է բռնատիրություն` դեմոկրատական ֆասադով: Հայաստանում հեռուստատեսությունը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության տակ, Հայաստանում ստեղծված է մի հզոր ահաբեկման, ժողովրդի կամքի աղավաղման եւ կեղծման մի մեքենա, որի մեջ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ: Հայաստանում ստեղծված է հանցավոր, օլիգարխիկ, կլանային մի քաղաքական-տնտեսական համակարգ, որը խանգարում է երկրի զարգացմանը, առողջ քաղաքական մրցակցությանը: Մենք նաեւ պարոն Պրեսկոտին ներկայացրեցինք այն վիճակը, որ ստեղծվեց երկխոսության տապալման հետեւանքով. իշխանությունները, այնուամենայնիվ, որեւէ հարցում զիջման չգնացին», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողն ասաց` իրենց հետագա ծրագրերն էլ չեն թաքցրել համազեկուցողից:

«Պարզ ասացինք, որ, հաշվի առնելով այս հանգամանքը, մենք մեր հույսը դնելու ենք միայն ժողովրդի ընդվզման, ժողովրդի մոբիլիզացիայի վրա: Պարզ ներկայացրեցինք մեր հետագա քայլերը, որոնք ուղղված են լինելու Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման գործընթացին», - ասաց նա:

Պրեսկոտն այսօր առավոտյան հանդիպել է նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ, ովքեր դժգոհ էին համազեկուցողի հետ զրույցից: Զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք համազեկուցողին ասել են, որ նրանից ոչ մի ակնկալիք չունեն: Զոհերի հարազատները իրենց մտահոգությունն են փորձել փոխանցել Վեհաժողովի 1837 բանաձեւում տեղ գտած ձեւակերպման վերաբերյալ, թե 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների էջը ի վերջո կարելի է փակված համարել, քանի որ 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը, ԵԽԽՎ-ի գնահատմամբ, նոր թափ է ստացել: Պրեսկոտը չի ցանկացել նրանց փաստարկները լսել:

«Նա շրջանցեց, ընդհանրապես չպատասխանեց այն հարցին, թե մեզնից հարցրեցինք, թե ինչի՞ց ելնելով դուք Եվրախորհրդարանում փակված համարեցիք մարտի 1-ի էջը: : Հարցրեցինք, թե ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը չի հրավիրում զոհերի հարազատներին ու ասի, թե ուր են հասել, ինչ փուլում են գտնվում եւ բացահայտմանը ինչքան ժամանակ մնաց: Չթույլատրեց ոչ մի հարց բարձրացնել, ինչը զոհերի հարազատներին վրդովվեցրեց: Նա մեզ ասաց` ես քննիչ չեմ», - փոխանցեց Սարգիս Քլոյանը:

Պրեսկոտին երկու հարց է հետաքրքրել, թե արդյո՞ք զոհերի հարազատները տեղյակ են Հատուկ քննչական ծառայության կազմած միջանկյալ զեկույցին եւ արդյո՞ք նրանց ծանոթացրել են մարտի 1-ի գործի նյութերին: Հարազատներն ասել են, որ զեկույցին ինտերնետի միջոցով են տեղեկացել, նյութերին էլ ՀՔԾ-ն չի ծանոթացրել: Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Պրեսկոտը իրենց հետ ստիպված է հանդիպել` նպատակ ունենալով կանխել զոհերի հարազատների բողոքի ակցիան:

ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Պրեսկոտից ընդդիմադիր դաշտի եւ մարտի 1-ի զոհերի հարազատների դժգոհությունները չի կիսում:

«Տպավորությունս այն է, որ ընդդիմությունը, չստանալով իր ուզած պատասխանը, մտահոգվում է եւ փորձում է սրել իրավիճակը կամ տալ գնահատականներ, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը», - ասաց Հարությունյանը:

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողի երեւանյան հանդիպումներն ավարտվեցին: Այսօր նա զրուցեց Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Գլխավոր դատախազի եւ մարդու իրավունքների պաշտպանի նա քննարկել է մարտի 1-ի գործի քննության արդյունքները: Հանրապետության նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի հետ Պրեսկոտը քննարկել է Վեհաժողովի նախորդ բանաձեւերի կատարման ընթացքը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերող հարցեր: Ազգային ժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ` Պրեսկոտը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ ու առաջընթաց` ներքաղաքական կայունությունն ապահովելու ուղղությամբ: Համազեկուցողը Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ խորհրդարանական ընդդիմության` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցին եւ ասել է, որ իր իրավասությունների մեջ չի մտնում այդ հարցը, թե ինչ ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները: Նրա գնահատմամբ` ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տպավորիչ են, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները` խոստումնալից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG