Մատչելիության հղումներ

logo-print

Հրապարակվել է Դինքի սպանության գործով 2 մեղադրյալների դատավճիռը


Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս դատավարությունը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.

Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս դատավարությունը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.

Բեշիքթաշի շրջանային դատարանը այսօր հրապարակեց Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող առանցքային երկու մեղադրյալների դատավճիռները:

Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության: Օգյուն Սամասթին սպանության դրդած Էրհան Թունջելին թուրքական դատարանը դատապարտեց 10,5 տարվա ազատազրկման:

Դինքի ընտանիքն ու փաստաբանները, սակայն, համոզված են, որ դատարանն արեց ամեն ինչ` արագորեն վճիռ կայացնելու եւ սպանության իրական կազմակերպիչներին պարտակելու համար:

«Սպանության կազմակերպիչների` Էրհան Թունջելի, Յասին Հայալի ու եւս 16 մեղադրյալների դեմ հարուցված գործի հետաքննության ընթացքում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց պատասխանները մինչեւ օրս չեն գտնվել», - նշում էին փաստաբանները մինչեւ դատավճռի հրապարակումը:

Խոսքը նախեւառաջ կասկածյալների հեռախոսազրույցների վերծանությունների մասին է, որոնք թուրքական իշխանությունները երկար ժամանակ չէին ցանկանում դատարանին տրամադրել: Դինքի ընտանիքի փաստաբանները հեռախոսազրույցների ձայնագրությունները տրամադրելու պահանջով Թուրքիայի Հեռահաղորդակցության խորհրդին դիմել էին դեռ մեկ տարի առաջ: Երբ ամիսներ տեւած լռությունից հետո այս պետական մարմինն ի վերջո դատարան ուղարկեց ավելի քան 6 հազար հեռախոսազանգ եւ շուրջ 9 հազար հեռախոսահամար պարունակող այս ողջ տեղեկատվությունը` դատարանը հայտարարեց դատավճռի մոտալուտ հրապարակման մասին:

«Դատական գործընթացն անավարտ կհամարվի, եթե առկա ապացույցները քննության չառնվեն», - հայտարարել է «Ակոս»-ի խմբագրի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Արզու Բեջերիքը:

Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինն էլ նշել է. - «Այս ապացույցների կարեւորությունը է'լ ավելի ակնհայտ է դառնում, երբ հաշվի ես առնում այն իրողությունը, որ դատարան ուղարկված հեռախոսազանգերի մի զգալի մասը կատարվել է կասկածյալներին պատկանող հեռախոսներից` սպանությանն անմիջականորեն նախորդած ժամանակահատվածում»:

Իսկ «Ակոս»-ի հայկական էջի խմբագիր Սարգիս Սերոբյանի կարծիքով, դատարանի ցանկությունը` առանց հանցագործության իրական պատվիրատուների բացահայտման արագորեն դատավճիռ հրապարակել, համահունչ է նաեւ Էրդողանի կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Առաջին օրերից թվում էր, որ այսօրվա թուրքական իշխանությունը ցանկանում է բացահայտել սպանության կազմակերպիչներին, բայց դա տեղի չուենեցավ: Հանցագործության հետեւում կանգնած զինվորականներն ու ոստիկաններն այդպես էլ գաղտնի մնացին», - «Ազատություն» ռադիոկայանին տված հացազրույցում նշեց Սերոբյանը:

Թուրքական դատարանի շտապողականությունը քննադատում են նաեւ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները: Amnesty International-ը երեկ երեկոյան Լոնդոնում տարածած հայտարարության մեջ նշել է. - «Թուրքական իշխանությունները այդպես էլ չկարողացան հերքել պետական պաշտոնյաների` Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու վերաբերյալ պնդումները»:

«Արդարադատությունը հաղթանակի մասին հնարավոր կլինի խոսել միայն մեկ դեպքում` եթե համապարփակ կերպով հետաքննվեն սպանությանն առնչություն ունեցած բոլոր պետական մարմիների եւ պաշտոնյաների գործողությունները», - նշում է Amnesty International-ի Թուրքիայի հարցերով փորձագետ Էնդրյու Գարդները` հավելելով. - «Անվտանգության մարմինները տեղեկացված են եղել ծրագրվող սպանության մասին, կապի մեջ են եղել մեղադրյալների հետ, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել հանցագործությունը կանխելու համար»:

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը: «Ինչ դատավճիռ էլ կայացվի, միեւնույն է` այս դատարանից լուրջ սպասելիքներ չկան: Դինքի մահվանից անցած հինգ տարիների ընթացքում դատարանն ապացուցեց, որ անկարող է լույս սփռել Դինքի սպանությունում պետական համակարգի ներգրավվածության վրա, բացահայտել իրական կազմակերպիչներին: Ոստիկանության եւ դատական համակարգի որոշ հատվածներ մինչեւ վերջին պահը խափանում էին քննության բնականոն ընթացքը: Ամեն ինչ այժմ կախված է թուրքական դատախազության ցանկությունից` հավաքել առկա բոլոր ապացույցներն ու նոր հետաքննության մեկնարկն ազդարարել», - նշված է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հայտարարության մեջ:

«Ինչպես եւ Դինքի ընտանիքն ու գործընկերները, մենք եւս լուրջ հույսեր ունենք, որ ձեւական բնույթ կրած այս դատավարությանը կհետեւի նոր մի հետաքննություն: Դրան հասնելու համար մենք պատրաստ են շատ ավելի համառ ճնշում գործադրել», - պնդում են «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG