Մատչելիության հղումներ

Բնապահպանները հերթական ակցիան են անցկացրել Թեղուտում


Բնապահպան ակտիվիստների ցույցը Թեղուտում: 15-ը հունվարի, 2011թ.

Բնապահպան ակտիվիստների ցույցը Թեղուտում: 15-ը հունվարի, 2011թ.

Շուրջ 250 բնապահպաններ, արվեստագետներ, լրագրողներ, նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ երեկ երթ էին կազմակերպել դեպի Թեղուտ` ծանոթանալու, թե ինչպիսի վնաս է հասցվել բնությանը:

Պարզվեց, որ արդեն շուրջ 70 հեկտար անտառ է հատվել ու սկսվել են հանքի ենթակառուցվածքի շինարարական աշխատանքները:

Այստեղ, հիշեցնենք, Armenian Copper Programm ընկերությանը ՀՀ Կառավարությունը 25 տարվա շահագործման արտոնագիր է շնորհել` պղնձի եւ մոլիբդենի պաշարները արդյունահանելու համար:

Թեղուտի տարածք գրեթե նույնքան ոստիկան էր բերվել, որքան երթի մասնակիցներն էին:

Երթի մասնակիցները հասան այն վայրը, որտեղ կառուցվելու է վտանգավոր թափոնների համար նախատեսված կովկասյան տարածաշրջանում ամենամեծ` 500 միլիոն տոննա տարողությամբ պոչամբարը:

Երթի մասնակիցներին պաստառներով դիմավորեցին հանքի աշխատակիցները:

Ակտիվիստները զրույցի բռնվեցին նրանց հետ` փորձելով համոզել, որ պոչամբարի կառուցումը աղետալի հետեւանքներ կունենա:

Բնապահպաններին միացել էին նաեւ Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներից ոմանք:

Բնապահպանները պնդում են, թե ACP ընկերության կողմից Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացվում է մի շարք բնապահպանական նորմերի խախտմամբ:

«Ես կարծում եմ` սա հակապետական, հակաժողովրդական ծրագիր է: Պետք է կասեցվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Արձագանքելով բնապահպանների բողոքին` երեկ հաղորդագրություն է տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունների (որի մեջ է մտնում ACP ընկերությունը) Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը` մասնավորապես, նշելով. - «Ապօրինի գործողությունների հետեւանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, եւ այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG