Մատչելիության հղումներ

«Հաղթանակ կհամարեմ արդար ընտրությունների անցկացումը»


Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը քիչ հավանական է համարում, թեեւ չի բացառում, որ դաշինքին անդամակցող ուժերը առանձին-առանձին մասնակցեն մայիսին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին:

Նա, այդուհանդերձ, շեշտեց, որ այսօր «չկան պատճառներ, որոնք նման զարգացման կբերեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ի պատասխան հարցին, թե արդյոք Կոգրեսի ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները չեն կարող ընտրություններին առանձին մասնակցելու պատճառ դառնալ, Սարգսյանը պատասխանեց, թե «տարաձայնությունները Կոնգրեսում միշտ էլ եղել են եւ կան թե' տակտիկական եւ թե' աշխարհաքաղաքական մոդելների, մոտեցումների առումով»: Բայց «կա գերխնդիր»` երկրում պետք է իրական փոփոխություններ կատարվեն, եւ դրան հասնելու համար պետք է «համերաշխություն եւ միասնականություն» ապահովել:

Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, կազմված է 18 կուսակցություններից եւ հասարակական-քաղաքական նախաձեռնություններից:

««Հանրապետություն» կուսակցությունը միշտ կողմնակից է եղել երկրում 2000 թվականից հետո իրական փոփոխություններ բերելու: Մենք միշտ կողմ ենք եղել ավելի մեծ ճակատով, հնարավորինս ավելի մեծ ուժերով տվյալ խնդրի լուծմանը հասնելուն», - ասաց Արամ Սարգսյանը: - «Ու այստեղ «Հանրապետություն» կուսակցության ունեցած դիապազոնը բավարար չէ, որպեսզի կարողանա այս խնդիրները լուծել: Նաեւ դրա համար մենք հանդես ենք գալու ընդդիմադիր միասնական ճակատի օգտին… Նորմալ երկրի դեպքում, իհարկե, ամեն կուսակցություն կգնար իր մոտեցումներով, աշխարհընկալման իր ծրագրերով: Իհարկե, շատ տարբեր ենք Հայ ազգային կոնգրեսում: Եվ այստեղ տեսակետների տարբերությունը շատ մեծ է: Բայց կա գերխնդիր. այնտեղ ներգրավված յուրաքանչյուր կուսակցություն համարում է, որ ժողովուրդը պետք է ունենա ընտրելու իրավունք: Որ այս երկրում, սկսած կոռուպցիայից, վերջացրած արդարադատությամբ` ամեն ինչի հիմքը կեղծված ընտրություններն են: Եվ ես մեր հաղթանակը կհամարեմ արդար ընտրություններ անելը»:

«Դրանից հետո է, որ ես` իմ տեսակետներով, «Հանրապետություն» կուսակցությունը` իր տեսակետներով, իր մոտեցումներով, կմտնի քաղաքական պայքարի մեջ», - հավելեց Արամ Սարգսյանը:

ՀԱԿ-ին անհատապես անդամակցող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ` թեեւ միասնական դաշինքով ընտրություններին գնալու որոշում դեռեւս չկա, սակայն, իր կարծիքով, այսօրվա իրավիճակը թելադրում է, որ դաշինքին անդամակցող ուժերը պետք է միասնական գնան ընտրություններին. - «Հակառակ դեպքում դա չի հասկացվի»:

«Եթե որոշ ուժեր հայտարարած լինեին առանձին մասնակցելու մասին, ուրեմն պետք է հայտարարած լինեին», - հավելեց նա:

ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցը, ինչպես նշում են Կոնգրեսի անդամները, դեռ չի քննարկվել դաշինքի քաղխորհրդում:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու այդ հարցը դեռ չի քննարկվել, Արամ Սարգսյանը պատասխանեց, թե Կոնգրեսում չկան մարդիկ, ովքեր երազում են պատգամավոր դառնալ. - «Կոնգրեսը ընտրությունները դիտարկում է որպես քաղաքական պրոցես` այդ պրոցեսով երկիրը սահմանադրական հուն բերելու [միջոց]: Այստեղ խնդիրը արդար ընտրությունների մեջ է»:

Հարցին, թե անձամբ ինքը կուզենար ընդգրկված լինել ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն արձագանքեց. - «Ես շատ կուզենայի, որ այդ ցուցակում չլինեի` լիներ իմ ընկերներից որեւէ մեկը: Կուսակցության քաղխորհրդում շատ կան արժանավոր մարդիկ, որոնք կարող են այդ ցուցակի վերին մասում լինել… Եթե ինձ առաջարկվի, ու դրա անհրաժեշտությունը լինի, ու դա Կոնգրեսի ընդհանուր ցուցակին կբերի որեւէ դրական արդյունք, որեւէ բանից չեմ հրաժարվի»:

Նույն հարցին Փաշինյանը արձագանքեց. - «Ինձ համար առաջիկա ընտրությունները հերթական առիթն են հանրային ակտիվության պիկ եւ այդպիսով Հայաստանում իշխանափոխություն ապահովելու համար»:

«Մենք առավելագույնը կանենք, որ դա հնարավոր լինի», - շարունակեց նա: - «Ես ինքս, անկեղծ ասած, դա շատ ռեալ եմ համարում: Եթե ֆուտբոլային լեզվով ասենք` նույնիսկ հարյուր տոկոսանոց գոլային հնարավորությունները երբեմն բաց են թողնվում: Ես կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է լինի լավ մարզավիճակում` այդ հերթական գոլային հնարավորությունը բաց չթողնելու համար», - հավելեց Փաշինյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:26 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG