Մատչելիության հղումներ

«Գապբնակշին»-ից տուժած բնակիչները բողոքի ակցիա անցկացրին


«Գապբնակշին»-ից տուժած բնակիչները բողոքի ակցիա անցկացրին
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Էլիտար շենքեր կառուցող ընկերության գործունեությունից տուժած բնակարանատերերը երկուշաբթի օրը պաստառներով հավաքվել էին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ` Սերժ Սարգսյանից պահանջելով պատժել «Գապբնակշին» ընկերությանը եւ ապահովել իրենց խախտված իրավունքների վերականգնումը: Նրանք այսօր նամակով դիմեցին նախագահին:

«Պայմանագիրը կնքել ենք 2006 թվականին Պապոյան Գագիկի հետ, նա իմ սեփական տունը քանդել է եւ բնակարան է տվել Սարյան 19/21շենքից, բայց ես մի քանի օր առաջ իմացա, որ իմ բնակարանը վաճառել է մոսկվայաբնակ մի քաղաքացու, որը ամբողջ հարկը գնել է, եւ ես հիմա փողոցում եմ հայտնվել իմ երեխաների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին պատմում էր տուժած բնակիչներից մեկը:

Բնակիչներին այսօր ընդունեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նա հավաստիացրեց, որ խնդիրը կլուծվի մայիս ամսին` չբացատրելով, թե ինչու հենց այդ ժամանակ: Բնակիչներն էլ զայրացած դուրս եկան նախագահական նստավայրից. - «Ժամանակ են ձգում, որ ընտրություններն անցնել, մենք էլ լռենք», - ասում էին նրանք:

«Գապբնակշին» ընկերության կողմից Երեւանի Արամի, Սարյան եւ Եկմալյան փողոցների վրա կառուցված մի քանի շենքերի բնակարանները վաճառվել են մի քանի ընտանիքի: Ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու դեպքի առթիվ Հայաստանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռեւս մեկ ամիս առաջ: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով Պապոյանը այժմ Ռուսաստանում է: Նրա գործը տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղից, «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան, նշեցին, թե քրեական գործով դեռեւս կասկածյալներ եւ մեղադրյալներ ներգրավված չեն: ՀՔԾ-ն նշում է, որ բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ:

Բնակիչները, սակայն, կարծում են, որ Պապոյանը միայնակ չէր կարող նման հանցագործություն կատարել եւ ենթադրում են, որ նրա թիկունքում պաշտոնյաներ կան: Բնակիչներից մեկը` Սոնա Մաղաքյանը, այսօր ցույց էր տալիս էլիտար շենքերից մեկի կառուցապատման մասին Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի (2003-2009 թ.թ.) մեկի որոշումը` կասկած հայտնելով, որ վերջինս եւս ներգրավված է եղել այս գործում:

«Պապոյան Գագիկը ընդամենը շինարար է, տեղով կրակ էլ դառնար, նա չէր կարող բոլորի բերանը փակել: Դա կոչվում է պետական ռեկետ», - ասում էր Մաղաքյանը:

Նախագահական նստավայրից հետո բնակիչները գնացին այն նոտարի գրասենյակ, ով վավերացրել է ընկերության հետ բնակիչների բնակարանների հատկացման պայմանագրերը: Նոտար Ալվարդ Մելքոյանը ասաց, թե ինքը տեղյակ չի եղել Պապոյանի խարդախություններից:

«Հայաստանում ոչ մի օրենք չկա, որ պետք է նոտարը վերահսկի, որպեսզի շինարարը կրկնակի վաճառքներ չկատարի», - ասաց Մելքոնյանը:

Նոտարը բացատրեց, թե խարդախության մասին կասկածներ չի ունեցել եւ ինքը եւս, տարածք գնելով, Պապոյանի խարդախության զոհն է դարձել: Ըստ Մելքոնյանի` ինքը բազմիցս Պապոյանին խնդրել է կատարել հստակ չափագրումներ, որպեսզի նույն տարածքը մի քանի բնակչի հատկացնելու պայմանագրեր չկնքվեն: Միեւնույն ժամանակ, նոտարն ասում էր, թե կա օրենադրական բաց, ըստ որի պայմանագրերը անշարժ գույքի կադաստրում չեն գրանցվում, ուստի կադաստրը տեղեկություններ չէր կարող տալ այս կամ այն տարածքի վերաբերյալ կնքված պայմանագրի մասին:

«Նույնիսկ ինժեները կարող է գլուխ չհանել այդ գծագրերից, նոտարը ո՞նց կարող է իմանալ: Քանի որ օրենքով նախատեսված չէ, որ նոտարը պետք է հաշվառում, չափագրում եւ տեղազննում անի, դրա համար շինարարը մեզ գրություն է տվել, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իր վրա: Մենք այս պայմանագրերը տարիներ առաջ ուղարկել ենք կադաստր, որպեսզի ի սկզբանե ճշտեինք, որ կրկնակի վաճառքներ չլինեին: Բայց կադաստրը հրաժարվել է գրանցելուց, քանի որ իրենց օրենքով չի նախատեսվում, որ այդ պայմանագրերը գրանցեն», - ասաց Մելքոնյանը:

Էլիտար բնակարաշինությունից տուժած քաղաքացիները որոշել են բողոքի ակցիաները չդադարեցնել քանի դեռ իրենց խնդիրը չի հանգուցալուծվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG