Մատչելիության հղումներ

Դեռ երկու տարի առաջ հրատարակիչ Սամվել Հարոյանը որոշեց հավաքել ու հրատարակել հին ու լավագույն հայկական երգերը` ժողովրդական, գուսանական, էստրադային եւ այլն:

Գործը շատ էր ու կարեւոր, իսկ ինքը` մենակ: Բայց հրատարակչի նախաձեռնությունը ոգեւորեց նաեւ խնդրով անհանգստացած մտավորականներին ու արվեստագետներին:

Որոշ ժամանակ անց խմբագրական կազմը` երաժշտագետ Անի Փաշայան, դերասան Ազատ Գասպարյան, Թովմաս Պողոսյան, Դմիտրի Առաքելյան, Ալիկ Հարությունյան, Արմեն Դարբինյան, պատրաստ էին ձեռնամուխ լինել «Գրպանի երգարան»-ի հրատարակման աշխատանքներին:

Դերասան Ազատ Գասպարյանի համար խնդիրն այնքանով է կարեւոր, որ սա կարող է վերջ տալ ինքնագործունեությանը.- «Վերջապես կիմանանք, թե այս երգը ով է գրել, բառերն ումն է, երաժշտությունն ումն է եւ վերջ կդրվի նրան, որ ամեն մեկը կասի ժողովրդական երգ է` առանց իմանալու, որ կոմպոզիտոր է գրել այս երգը, բանաստեղծ է գրել: Ինձ համար նաեւ ուրախալի է, որ ամեն մեկս կունենանք մեր ընկեր երգարանը, որովհետեւ ամենամոտը արվեստի ճյուղերից երգն է, որ միշտ մեզ հետ է»:

Երաժշտագետ, ժողովածուի խմբագիր Անի Փաշայանը նշում է, որ այսօր շատ ու շատ հեղինակների հասարակությունը չի ճանաչում, չնայած որ երգերը հայտնի են ու երգվում են: Սա եւս խնդիր է, որը լուծվում է այս երգարանի միջոցով. - «Բացում ենք «Կիլիկիա» երգը եւ տեսնում ենք գրված է` Ն. Ռուսինյան, Գ. Երանյան, այդ մասին չկա նույնիսկ հանրագիտարանում, մենք ունենք Վ. Հարությունյան համառոտագրված անուն «Երեւանի Սիրուն աղջիկ», «Կարինե» երգերի հեղինակն է, եւ նրան ոչ ոք չգիտի: Մենք ունենք գրող Վլադիմիր Հարությունյան եւ գուցե շփոթմունք առաջանա, Վահան Հարությունյանը չկա հանրագիտարանում եւ ոչ էլ Գրողների միության անդամ է եւ ես համոզված եմ, որ մեր երգասերը չի կարող ամեն րոպե վազել գրադարան, արխիվներ եւ պարզել, թե ով է հեղինակը, եւ ժամանակի ընթացքում էլ այդ կարեւոր մարդիկ մոռացվում են»:

Նախագծի գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանը, ով նաեւ հայկական մեծ երգերի սիրահար է ու իր ընտանիքում` նաեւ կատարող, նշում է. - «Այս երգերով այդ մարդիկ անմահ կմնան, ամեն անգամ, երբ երգենք իրենց երգերը կանմահանան: Այնպես որ էս ձեւով շնորհակալություն կասենք իրենց, որ այս երգերը ստեղծեցին, իսկ մենք մինչեւ մեր մահը պիտի երգենք եւ ուրախանանք»:

«Գրապանի երգարան» մատենաշարը պարունակում է նաեւ 223 երգերի ձայնագրությունները մեկ ձայնասկավառակում:

Սամվել Հարոյանը նշում է, որ ձայնասկավառակը ստեղծելիս օգտվել են նաեւ արխիվային ձայնագրություններից. - «Կան եւ գործիքային կատարումներ, կան եւ մեր երգի նվիրյալների կատարումները, կան եւ մեր նախկին երգիչ-երգչուհիների, օրինակ «Անուշիկ իմ քույրիկ»` Վալյա Սամվելյանի կատարմամբ մենք այնտեղ զետեղեցինք եւ այլն»:

Մատենաշարի «Անկախության ժամանակաշրջանի երգերը» հատորյակի ստեղծաման բարդ պատասխանատվությունը երգիչ Արմեն Դարբինյանի ուսերին էր:

«Միգուցե ես մի քիչ շատ եմ ուռճացնում իմ դերը, բայց այդ հատորյակը կազմելը շատ դժվար էր, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչքան վատ որակի երգեր են ստեղծվել վերջին 20-ամյակում, ուղղակի այդ խոտանի միջից ինձ հաջողվել է մի 30-35 երգ հանել եւ մատուցել երգասեր հասարակությանը», - նշում է Դարբինյանը:

Երգարանը վաճառքում կլինի ամսի 18-ին` վաղը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալիք շնորհանդեսից հետ: Հարոյանը նշում է, որ գինը մատչելի կլինի. - «Եթե վերցնենք ինքնարժեքով` շատ թանկ կլինի: 223 երգերի ձայնագրություն, 7 գրքույկ հրաշալի ձեւավորված, ունենք հայկական դուդուկի տեսքով պոպոքի փայտից պատրաստված գրիչ այնտեղ գրառումներ անելու համար եւ ընդհանուր կոմպլեկտը կարժենը մոտ 25 ԱՄՆ դոլար, կամ համարժեք 10.000 դրամ»:

Նախաձեռնողները նշում են, որ գործը հաջողված է, հետեւաբար այն լինելու է շարունակական. - «Սա մեր լավագույն երգերն են` հայուրամյակների ընթացում ստեղծված բոլոր ժանրերի երգերը, եւ այս գործընթացը պետք է շարունակվի, որովհետեւ երգարանները մենք համարակալել ենք ըստ մաշտոցյան այբուբենի եւ դեռեւս 30 հատորյակ մեր կարծիքով երկու-երեք տարվա ընթացում մենք կհրատարակենք»:

XS
SM
MD
LG