Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը հաստատեց, որ առաջիկայում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Նալբանդյանը նշեց, որ նման պայմանավորվածություն կա:

Ավելի վաղ, հիշեցնենք, «Ռեգնում» գործակալությունը հաղորդել էր, որ հունվարի 23-24-ը Սոչիում նախագահների մասնակցությամբ կայանալու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը:

Դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Նալբանդյանը մասնավորեցնեց. - «Վայրի եւ ժամանակի մասին կտեղեկացվի համապատասխան պատշաճ ժամկետներում, երբ որ կողմերը հարմար համարեն»:

Նման հանդիպումների ձեւաչափը, ըստ Նալբանդյանի, իրեն չի սպառել. - «Ձեւաչափը ապացուցեց իր կենսունակությունը եւ արդյունավետությունը, եւ, կարծում եմ, անգամ վստահ եմ, որ այդ ձեւաչափով հանդիպումները շարունակվելու են»:

Ինչ վերաբերում է առհասարակ ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա, գնահատելով բանակցային տարին, արտգործնախարարը հայտարարեց, թե «արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011 թվականը վերահաստատեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումները հիմնավորեցին ընտրված մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը»:

«Դրա ապացույցն էին մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, մայիսի 26-ին Դոլիվում Մեծ ությակի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաեւ դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդին Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը», - նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արտաքին քաղաքական ոլորտում իրականացված գործունեությունը` Նալբադյանը մի շարք ուղղություններ եւս առանձնացրեց: Այսպես. արտգործնախարարի խոսքով` տարին նշանավորվեց հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդմամբ, ինչն արտացոլվեց երկկողմ հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում Հայաստանի նախագահի առաջին պետական այցով Ռուսաստանի Դաշնություն, որը «թե' իր մակարդակով, թե' բովանդակությամբ վերահաստատեց դաշնակցային հարաբերությունների ամրությունը եւ խորությունը»:

«Որակական նոր մակարդակի է բարձրացվել» Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, առավել խորացել եւ ամրապնդվել են Ֆրանսիայի հետ «ավանդաբար սերտ բարեկամական հարաբերությունները»: 2011 թվականին Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան «պատմական էր թե' իր նշանակությամբ, թե' արդյունքներով»:

Նալբանդյանը նաեւ նշեց, որ լուրջ առաջընթաց է արձանագրվել եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացում. - «Հաջող ընթացք են ունեցել Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Եվրոպական խորհուրդը հաստատել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատը: Կարեւոր առաջընթաց է արձանագրվել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներում»:

Արտգործնախարարի մատուցմամբ` հետեւողական զարգացում են ապրել նաեւ Հայաստանի դարավոր բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ:

Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Այս առնչությամբ Նալբանդյանը նշեց. - «Վերահաստատվել է միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից»:

Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատիժ սահմանող Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշմանը հաջորդած Թուրքիայի արձագանքներն ու հնչեցրած փաստարկները Նալբանդյանը որակեց «թույլ եւ անհիմն». - «Իսկ այն փաստարկները, որոնք հնչում են, թե իբրեւ Թուրքիայում ինչ-որ տնտեսական շահեր կան, եւ եթե այս օրենքը ընդունվի, ուրեմն կարող է խոչընդոտել նրան, որ Թուրքիան ինչ-ինչ դեր կարող էր խաղալ տարածաշրջանային այս կամ այն հարցում, կարծում եմ, որ, գիտեք, այստեղ մի քիչ կոռուպցիայի հոտ է գալիս անգամ»:

Ներկայացնելով նաեւ մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքը` նախարար այսպես գնահատեց արտաքին քաղաքական ոլորտում իրականացված գործունեության արդյունքը. - «Բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ»:

XS
SM
MD
LG