Մատչելիության հղումներ

logo-print
Խալերի գոյությունը, հատկապես՝ դեմքի շրջանում, շատ հաճախ անհանգստացնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Բժիշկ-կոսմետոլոգները փաստում են` այսօր խալերի հեռացման համար դիմողների թիվն աճել է, տարիքը` երիտասարդացել:

Դերմատոկոսմետոլոգ Մարինե Օհանյանը նշում է, որ դիմում են սկսած 13-14 տարեկանից, հիմնականում` իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր խալը համարում են կոսմետիկ արատ:

Մարինե Օհանյանի խոսքերով` ամեն խալ չէ, որ կարելի է հեռացնել. - «Շատ մուգ, պիգմենտավորված խալերը ցուցված չէ հեռացնել, պետք է տեսնել խալի վիճակն ու անպայման հետազոտություն անցնել, որովհետեւ, եթե խալն արդեն ձեւափոխված է կամ այնտեղ գնում է պրոցես չարորակության, վտանգավոր է, եւ մենք իրավունք չունենք հեռացնել այն` հեռացնում է միայն ուռուցքաբանը»:

Օհանյանը կողմ չէ խալերի հեռացմանն ու իրեն դիմելու դեպքում հեռացնում է միայն հույժ անհրաժեշտ դեպքերում: Բժիշկ-կոսմետոլոգը նշում է, որ իրենց կարեւոր խնդիրը մարդկանց չվնասելն է, եւ եթե ինքը եկավ այն եզրակացության, որ տվյալ խալին ձեռք տալ պետք չէ, այդ դեպքում հաճախորդի ցանկությունն իր համար երկրորդական է:

Մարինե Օհանյանը նշում է` հաճախ խալերի հեռացմամբ զբաղվում են ոչ մասնագետները, իսկ հետագայի մասին միայն մտածում են խնդիրներից հետո. - «Ոչ լիարժեք հեռացված խալը իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում, ամենասարսափելին` որ խալը կարող է ձեւափոխվել ուռուցքի։ Հետո, երբ հեռացնում է ոչ մասնագետը, շատ կոպիտ սպի է մնում ու խալի փոխարեն ստացվում է ուրիշ մի կոսմետիկ արատ, որը կարող է չբավարարել հաճախորդին»:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Անժելա Հայրապետյանը նշում է, որ խալերի հետազոտման ու հեռացման դեպքում պետք է դիմել միայն ուռուցքաբանների: Հարկավոր է անցնել մանրակրկիտ հետազոտություն եւ նոր միայն դիմել վիրահատության: Այս դեպքում խալերի հեռացումը վտանգավոր չէ:

Տարածված այն կարծիքին, թե խալերի հեռացումը բերում է քաղցկեղի առաջացման, Անժելա Հայրապետյանը չի համաձայնում. - «Ոչ մի պարագայում խալի հեռացումը վտանգավոր չէ։ Խնդիրն այն է, որ հիվանդը մեզ դիմում է արդեն չարորակ ուռուցքով. ցավոք սրտի, արտաքին տեսքը սովորական խալի նման է: Ախտորոշվում է, կատարվում է մեծ վիրահատություն, երբեմն` քիմիաթերապիա, երբեմն նաեւ գեղձերի հեռացումով: Հետո բացատրվում է հիվանդներին, որ մենք հեռացրել ենք այն ամենը, ինչ մենք այսօր կարող ենք հայտնաբերել, բայց կան փոքրիկ, մանր բջիջներ, որոնք պոկվում են եւ ինչ-որ մի տեղ անտեսանելի քնած են, եւ չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո նրանք սկսեն աճել: Երբ այդ բջիջները մեծանում են, մարդիկ սկսում են եզրակացություն անել, որ խալը հեռացրեցին` քաղցկեղ առաջացավ, այնինչ դա ոչ թե նորն էր, այլ հիվանդի ուշ դիմելու պատճառով մինչեւ վիրահատությունն էր պրոցեսը գնում»:

Ուռուցքաբանը նշում է, որ նման դեպքերում ազգականները թաքցնում են չարորակ ուռուցքի գոյությունն ու շրջապատին ներկայացնում են որպես սովորական խալի հեռացում: Մասնագետը նշում է, որ հենց այստեղից էլ տարածվել է այն թյուր կարծիքը, թե խալի հեռացումը կարող է հանգեցնել քաղցկեղի:

Իսկ առհասարակ, բժիշկը նշում է, որ խալերի հեռացման դեպքում կարեւոր է հասկանալ, թե որ խալն ինչ մեթոդով պետք է հեռացնել. - «Կա էլեկտրոագուլացիա, կրիոդեստրուկցիա, լազերային հեռացում, վիրահատական հեռացում, բայց արդյունքի տեսակետից շատ կարեւոր է հասկանալ` որ մեթոդն է ընդունելի. այ հենց այստեղ ուռուցքաբանի գործն է: Որովհետեւ եթե մենք չկարողանանք տարբերակել չարորակ ուռուցքը, թվա` դա սովորական խալ է, չանենք նախնական հետազոտություն, չկողմնորոշվենք, հեռացնի բժիշկը դա, կամ երբեմն դիմում են ինչ-որ հեքիմների, տնային պայմաններում հեռացման, թելերով կապելուն, որը բացառձակապես անթույլատրելի է, դրանից հետո պրոցեսը բավականին լրջանում եւ խորանում է»:

Ուռուցքաբանը խորհուրդ է տալիս շատ խալեր ունենալու դեպքում խուսափել արեւայրուքից ու խալը վնասելուց` դրանք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Իսկ եթե խալերը գտնվում են մարմնի այնպիսի հատվածներում, որ կամա թե ակամա անընդհատ վնասվում են հագուստից, կոշիկից, սանրվելուց, սափրվելուց, ապա բժիշկը խորհուրդ է տալիս դրանք հեռացնել հետագա բարդություններից խուսափելու համար:

Իսկ թե որ դեպքում պետք է պարտադիր դիմել բժշկին հետագա բարդություններից խուսափելու համար` Անժելա Հայրապետյանը նշում է. - «Առաջինը` երբ խալը սկսում է մեծանալ, երկրորդը` խալի եզրերը սկսում են դառնալ անհավասար` չէ որ խալն ունի կա՛մ կլոր, կա՛մ օվալի ձեւ, երբ նրա եզրերը դառնում են կտրտված, երբ գույնը դառնում է ոչ համասեռ` մի կողմը` մուգ, մյուս կողմը` բաց, հաջորդը` երբ մակերեսը վնասվում է եւ հատկապես այդ վնասված մակերեսից արտադրություն եւ խոցոտված մակերես է լինում կամ արյունային արտադրություն է, դա արդեն շատ վտանգավոր փաստ է»:

XS
SM
MD
LG