Մատչելիության հղումներ

Ամանորի գիշերը եւ հունվարի 1-ին` 1200 կրակոց շփման գծում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` 2012 թվականի մեկնարկային օրերին ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկարությամբ «հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսեւորել են առանձնակի ակտիվություն»:

«Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ Պաշտպանության բանակի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի այսօրվա հաղորդագրությունում։

Ըստ նույն աղբյուրի` հրադարի ռեժիմի խախտման նկատելի ակտիվություն է արձանագրվել նաեւ անցած շաբաթվա ընթացքում. - «Մասնավորապես շփման գծի հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը օգտագործել է գնդացրային եւ դիպուկահար զինատեսակներ»:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմը, իր հերթին, հրադադարի խախտումների վերաբերյալ ամենօրյա հաղորդագրություններ է տարածում` դրանց համար մեղադրելով հայկական ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG